· Դասական
Մեկնարկել է Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնը
Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 15-ը Երևանում կանցկացվի Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպած փառատոնը կհամախմբի միջազգային ճանաչում ունեցող մենակատարների, երաժշտական կոլեկտիվների և երիտասարդ կատարողների։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Փառատոնի մեկնարկին ընդառաջ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացած մամուլի ասուլիսին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ու փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը ներկայացրել են այս տարվա ծրագրի առանձնահատկություններն ու փառատոնի զարգացման հեռանկարները։
Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ 13 տարի առաջ փոքրածավալ ծրագրով մեկնարկած փառատոնն այսօր վերածվել է 20-օրյա միջազգային մշակութային իրադարձության։ Նա տեղեկացրել է, որ 2027 թվականից այն կներառվի պետական ներդրումային ծրագրերի փաթեթում։
Նախարարի տեղակալի խոսքով՝ փառատոնի ղեկավարությունը ներկայացրել է հնգամյա տնտեսական հաշվարկ՝ հիմնավորելով պետական ֆինանսավորման ակնկալվող արդյունավետությունը։ Այսպիսով՝ փառատոնը դիտարկվում է ոչ միայն որպես մշակութային նախաձեռնություն, այլև որպես տնտեսական ազդեցություն ապահովող ներդրումային ծրագիր։ Վիրաբյանն ընդգծել է, որ նման մոտեցումը կարող է օրինակ ծառայել նաև այլ փառատոների համար։
Անդրադառնալով միջազգային հաջողություններին՝ նա կարևորել է Պեկինում անցկացված Խաչատրյանի անվան մրցույթը՝ նշելով, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու փառատոնը դուրս են եկել ավանդական սահմաններից՝ Հայաստանը դիրքավորելով որպես ակադեմիական երաժշտության միջազգային կենտրոն։
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ այս տարի այն ներկայանում է նոր՝ 20-օրյա ձևաչափով՝ ընդգրկելով ամենօրյա համերգներ, կրթական և կամերային միջոցառումներ։ Ծրագրին կմասնակցեն համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ։
Փառատոնը կմեկնարկի առանձնահատուկ նախագծով. երկու-երեք օրվա ընթացքում կհնչեն Սերգեյ Ռախմանինովի բոլոր դաշնամուրային կոնցերտները՝ դաշնակահար Եվա Գևորգյանի կատարմամբ։
Այս տարվա կարևոր ձեռքբերումներից է նաև դասական երաժշտության միջազգային հեղինակավոր «Մեցցո» հեռուստաալիքի հետ համագործակցությունը․ հեռուստաալիքը կհեռարձակի փառատոնի երեք համերգները։
Սերգեյ Սմբատյանն ընդգծել է Արամ Խաչատրյանի՝ որպես ազգային խորհրդանիշի և համաշխարհային երաժշտական մշակույթի կարևորագույն ներկայացուցիչներից մեկի միավորող դերը։ Նրա խոսքով՝ թե՛ Երևանում անցկացվող փառատոնը, թե՛ Պեկինում կայանալիք մրցույթը նպաստում են հայ կոմպոզիտորի երաժշտության տարածմանը և նոր սերնդի երաժիշտների ոգեշնչմանը։
Փառատոնի հագեցած ծրագիրը մինչև դեկտեմբերի 15-ը Երևանում դասական երաժշտության սիրահարներին հնարավորություն կտա ունկնդրելու միջազգային ճանաչում ունեցող կատարողների և մասնակցելու բազմաբնույթ մշակութային միջոցառումների։