Անցնել բովանդակությանը

· Դասական

Լյանա Ուլիխանյանը՝ Պաբլո Կասալսի երիտասարդ թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթող

Լյանա Ուլիխանյանը՝ Պաբլո Կասալսի երիտասարդ թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթող

Թավջութակահարուհի Լյանա Ուլիխանյանը Պաբլո Կասալսի անվան երիտասարդ թավջութակահարների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակին։ Այս մասին հայտնում են մրցույթի կազմակերպիչները։ 

Մրցույթի եզրափակիչ փուլում Լյանան կատարել է Յոհան Սեբաստիան Բախի՝ Թավջութակի  թիվ 3 դո մաժոր սյուիտը, ինչպես նաև Պյոտր Չայկովսկու՝ «Ռոկոկո թեմայով վարիացիաները» (Op. 33)՝ Ֆիցենհագենի տարբերակով։

Մրցույթի եզրափակիչը կայացել է նոյեմբերի 21-ին՝ Իսպանիայի Էլ Վենդրել քաղաքում՝ Պաու Կասալսի անվան երաժշտական դպրոցի Տիվոլի համերգասրահում։ Եզրափակիչ փուլում հանդես է եկել վեց թավջութակահար, որոնք ընտրվել էին 29 երկրի 85 մասնակիցներից։ Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին ճանաչված թավջութակահարներ Միքայել Հախնազարյանը, Յուլիա Հագենը, Առնաու Թոմասը և Նադեժ Ռոշան։ Ժյուրիի գլխավոր քարտուղարն էր Սանտի Բարգունյոն։

Սա հայ թավջութակահարուհու առաջին մրցանակը չէ։ Երիտասարդ երաժիշտը միջազգային մրցույթներում արդեն գրանցել է նշանակալի հաջողություններ․ 2025 թվականին արժանացել է Դավիդովի անվան միջազգային թավջութակի մրցույթի առաջին մրցանակին, 2024-ին՝ Բրատիսլավայի միջազգային թավջութակի մրցույթի առաջին մրցանակին և լավագույն կատարում անվանակարգի հատուկ մրցանակին, իսկ 2023-ին հաղթել է Ժնևի պատանի երաժիշտների մրցույթում։

Լյանա Ուլիխանյանը որպես մենակատար ելույթ է ունեցել Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի, Sinfonietta Riga-ի, Աթենքի սիմֆոնիկ նվագախմբի և Վիեննայի Nova Symphony Orchestra-ի հետ։ Նա մասնակցել է նաև միջազգային երաժշտական ակադեմիաների և փառատոների, այդ թվում՝ Kronberg International Cello Academy-ին և Rutesheim Cello Academy-ին։

Լյանան նվագում է գերմանացի վարպետ Օլիվեր Ռադկեի պատրաստած թավջութակով, որը նրան շնորհվել է Rutesheim Cello Academy-ի կողմից՝ որպես հատուկ մրցանակ։

Մրցանակաբաշխությունը բացի դրամական պարգևներից՝ Պաու Կասալսի հիմնադրամը մրցանակակիրներին առաջարկում է նաև ստեղծագործական առաջխաղացման ծրագրեր և մասնագիտական խորհրդատվություն։ Մրցույթի մասնակիցների հայտերի ուսումնասիրությունը, եզրափակիչ փուլի մասնակիցների ընտրությունն ու հաղթողների որոշումը վստահված են միջազգային հեղինակություն վայելող ժյուրիին։