Լյուդվիգ վան Բեթհովեն․ տոհմածառը - Armenian National Music (anmmedia.am)
Լյուդվիգ վան Բեթհովեն․ տոհմածառը

Հրապարակվել է՝ Մրտ 21 2020, 14:23

Հեղինակ՝ ANM Media
Բեթհովենը աշխարհին հայտնի է որպես հռչակավոր գերմանացի կոմպոզիտոր։ Սակայն քչերը գիտեն նրա ոչ գերմանական արմատների մասին։ Որտեղի՞ց է գալիս Բեթհովեն ազգանունը։

Այս ազգանունն առաջին անգամ հիշատակվում է 15-րդ դարում՝ Լիմբուրգում և Լիեժում (Հարավային Հոլանդիա, այժմ՝ Բելգիա), իսկ 16-րդ դարից՝ նաև Բրաբանտում։ Այնուհետև Բեթհովենները տեղափոխվել են Մեխելեն, Լյովեն և Անդվերպեն։

Լյուդվիգ վան Բեթհովենի ամենահեռավոր նախնին, որը մեզ հայտնի է՝ Կորնելիուսն է։ Հայտնի է միայն մահվան թիվը (եկեղեցու մատյանում նրա հուղարկավորության օրը նշված է 1716 թ. մարտի 29-ը)։ Նա  կոմպոզիտորի հոր նախապապն է։ Ըստ որոշ աղբյուրների՝ Կորնելիուսը մասնագիտությամբ ատաղծագործ էր, այլ աղբյուրներ էլ նշում են, որ նա հյուսն էր։  Ամուսնացել է Քեթրին վան Լիմպոելի հետ։

Բեթհովենի պապը՝ Լյուդվիգ (Լյուդովիկ) վան Բեթհովեն ավագը (1712–1773) հռչակավոր կոմպոզիտորի ծննդավայր Բոնն է տեղափոխվել 21 տարեկանում։ Արձանագրություններում նշված է, որ նա սկզբում եղել է երգչախմբի երգիչ, այնուհետև դարձել խմբավար։ Նա Մարի-Յոզեֆ Պոլլի հետ ամուսնացել է Բոնն տեղափոխվելուց անմիջապես հետո։ Աղբյուրներում նշվում է, որ նա նաև երաժշտություն է գրել։ Նրանց միակ որդու անունը Յոհան էր (1740–1792)։ Նա, ինչպես և իր հայրը, երգել է երգչախմբում և երաժշտություն դասավանդել, սակայն գործունեությունն ընդհատել է հարբեցողության պատճառով։ Նրա կինն էր Մարիա Մագդալենա Կեվերիխը։ Հենց այս ընտանիքում էլ ծնվում է հռչակավոր կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը։  Ընդհանուր առմամբ՝ Յոհանի և Մարիայի ընտանիքում ծնվել է յոթ երեխա, որոնցից ընդամենը երեքն են հասել չափահաս տարիքի։ Մահացած երեխաներից մեկի անունը նույնպես Լյուդվիգ է եղել։ Երեխան ապրել է ընդամենը վեց օր։  Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան օրը նույնպես անհայտ է, սակայն եկեղեցական մատյանում գրանցված է նրա մկրտության օրը՝ 1770 թ․ դեկտեմբերի 17։ Հենց այս օրն էլ աշխարհը նշում է հռչակավոր կոմպոզիտորի ծննդյան օրը։  


(Շարունակելի)