Անցնել բովանդակությանը

· Դասական

Դմիտրի Մասլեևը հայաստանյան առաջին շրջագայության ընթացքում կներկայացնի Ռախմանինովի ստեղծագործությունները

Դմիտրի Մասլեևը հայաստանյան առաջին շրջագայության ընթացքում կներկայացնի Ռախմանինովի ստեղծագործությունները

Այս աշնանը Հայաստանի մշակութային կյանքը կհարստացվի նշանակալի իրադարձությամբ. Չայկովսկու անվան XV միջազգային մրցույթի հաղթող, անվանի դաշնակահար Դմիտրի Մասլեևը վերադառնում է Հայաստան՝ իր առաջին մենահամերգային շրջագայությամբ: Ծրագիրը նվիրված է մեծանուն կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի սիրված և ճանաչված գլուխգործոցներին: Մասլեևի շրջագայությունն իրականացվում է «Պրիմավերա ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի պետական ֆլհարմոնիայի համագործակցությամբ:

Դմիտրի Մասլեևն այն երաժիշտներից է, ով նվաճել է աշխարհի առաջատար բեմերն ու քննադատների համակրանքը՝ շնորհիվ իր կատարյալ տեխնիկայի և նրբաճաշակ, խորը պոետիկ մեկնաբանությունների: Հայաստանյան հանդիսատեսի համար նրա անունը վաղուց դարձել է բարձրարժեք կատարողական արվեստի խորհրդանիշ: Դաշնակահարը բազմիցս այցելել է Հայաստան՝ որպես մենակատար ելույթ ունենալով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Սակայն Մասլեևի կապը Հայաստանի հետ դուրս է գալիս սովորական համերգային ծրագրերի շրջանակից: Հանդիսանալով «Պրիմավերա ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամի դաշնամուրային բաժնի ղեկավարը՝ դաշնակահարն ակտիվ լուսավորչական և մանկավարժական գործունեություն է ծավալում Հայաստանում: Նա պարբերաբար անվճար վարպետության դասեր է անցկացնում տաղանդավոր երիտասարդ հայ դաշնակահարների համար՝ անգնահատելի ավանդ ներդնելով տեղի դաշնամուրային դպրոցի զարգացման և երաժիշտների նոր սերնդի աջակցման գործում:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Դմիտրի Մասլեևը նշում է. «Հայաստան կատարած յուրաքանչյուր այց ինձ համար առանձնահատուկ իրադարձություն է և ներշնչանքի աղբյուր: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, մաեստրո Էդուարդ Թոփչյանի և «Պրիմավերա ֆաունդեյշն»-ի հետ տարիների համագործակցության ընթացքում այս երկիրն ինձ համար հարազատ է դարձել: Հիմնադրամում իմ մանկավարժական աշխատանքի շրջանակներում ես պարբերաբար շփվում եմ երիտասարդ հայ դաշնակահարների հետ և ամեն անգամ հիանում նրանց խորը երաժշտականությամբ ու արվեստի հանդեպ ունեցած անկեղծ նվիրումով: Հենց այդ պատճառով ինձ համար չափազանց կարևոր է նաև մեկնել մարզեր, կիսվել փորձով և դասական երաժշտությունը հասանելի դարձնել բոլորի համար: Իմ առաջին մենահամերգային շրջագայությունը՝ նվիրված Ռախմանինովին, ինչպես նաև վարպետության դասերն ու տեղի տաղանդների հետ համատեղ ելույթները, իմ երախտագիտության նշանն են Հայաստանին և նրա հրաշալի հանդիսատեսին»:

Մասլեևի գալիք հայաստանյան համերգային ծրագիրն ընդգրկելու է ինչպես մայրաքաղաք Երևանը, այնպես էլ Հայաստանի մարզերը: Ընդ որում, Վարդենիսում և Կապանում կայանալիք համերգների մուտքն ազատ է լինելու, ինչն ընդգծում է նախագծի կարևոր սոցիալական և կրթական առաքելությունը: Դաշնակահարը նոյեմբերի 17-ին հանդես կգա Վարդենիսի թիվ 1 երաժշտական դպրոցում (մուտքն ազատ է), նոյեմբերի 19-ին՝ Դիլիջանի UWC Dilijan քոլեջում, Նոյեմբերի 21-ին՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում (Երևան) և Նոյեմբերի 23-ին՝ Կապանի արվեստի պետական քոլեջի Երգեհոնային դահլիճում (մուտքն ազատ է):

Դմիտրի Մասլեևը երիտասարդ հայ երաժիշտներին բացառիկ հնարավորություն է ընձեռումում իր հետ զուգանվագով ելույթ ունենալ համերգների ընթացքում՝ որպես «բիս» կատարելով հայ կոմպոզիտորներից մեկի ստեղծագործությունը (բնօրինակ կամ փոխադրված տարբերակով): Նախապես հայտ ներկայացրած երաժիշտներից Մասլևը կկատարի իր ընտրությունը, մասնակիցն անպայման պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամ վերջինիս Գյումրու մասնաճյուղի ուսանող կամ շրջանավարտ կամ «Պրիմավերա ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամի ծրագրերի մասնակից:

Նոյեմբերի 22-ին, ժամը 10:00-ից 13:00-ն Առնո Բաբաջանյանի համերգասրահի Մեծ դահլիճում Դմիտրի Մասլեևը կանցկացնի դաշնամուրի վարպետության դասեր:

Վարպետության դասերին և զուգանվագի ընտրությանը մասնակցելու համար հայտերը հասանելի են «Պրիմավերա ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայքում: