Անցնել բովանդակությանը

· Նորություններ

Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվել է Խաչատրյանի անվան երիտասարդական 2-րդ մրցույթը

Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվել է Խաչատրյանի անվան երիտասարդական 2-րդ մրցույթը

2026 թվականի նոյեմբերի 11-ին Չինաստանի ազգային օպերային թատրոնում կայացած գալա համերգով և մրցանակաբաշխությամբ ամփոփվել է Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը։ Մրցույթի գեղարվեստական ղեկավարն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգության հանրահռչակմանը միտված ստուգատեսն առանձնացել է լայն աշխարհագրությամբ։ Հուլիսից սեպտեմբեր անցկացված միջազգային նախընտրական փուլերին հաջորդել են տարածաշրջանային մրցափուլերը Եվրոպայում, Ասիայում, Հայաստանում և Չինաստանի տարբեր շրջաններում, իսկ եզրափակիչը տեղի է ունեցել Պեկինում։ Երիտասարդ երաժիշտները հանդես են եկել հինգ անվանակարգում՝ դաշնամուր, ջութակ, ալտ, թավջութակ և կամերային անսամբլ, իսկ ելույթներին հնարավոր է եղել հետևել նաև ուղիղ առցանց հեռարձակմամբ։

Չորս հիմնական մասնագիտական անվանակարգերում հաղթող են ճանաչվել Չժաո Յույույը (ալտ), Նիու Չժենհաոն (թավջութակ), Գուո Ֆեննինգը (ջութակ) և Էլենա Բաթայեն (դաշնամուր)։ Եզրափակիչ փուլի ընթացքում մասնակիցները ելույթ են ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Մրցույթը նախաձեռնել և կազմակերպել են «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամն ու «JINGSE» միջազգային կրթական տեխնոլոգիական ընկերությունը։ Չինաստանում Խաչատրյանի անվան մրցույթներ կազմակերպվում են 2023 թվականից, իսկ երիտասարդական միջազգային առաջին մրցույթը տեղի է ունեցել 2024 թվականին։ Մրցույթի օրերին զուգահեռ անցկացվել է նաև «Խաչատրյանի անվան երիտասարդական երաժշտական շաբաթը», որի շրջանակում կազմակերպվել են վարպետության դասեր, կրթական ծրագրեր և համերգներ։

Աղբյուր՝ NEWS.am