Մուսաները չե՛ն լռելու - Armenian National Music (anmmedia.am)
Մուսաները չե՛ն լռելու

Հրապարակվել է՝ Նյմ 12 2020, 17:49

Հեղինակ՝ ANM Media
Մի քանի օր առաջ գրվեց Հայոց պատմության ամենացավալի էջերից մեկը։ Լուր, որն անսպասելի հարված հասցրեց հայրենիքում և սփյուռքում ապրող ողջ հայությանը։ Մինչ 45 օր շարունակ հայ զինվորը կենաց մահու կռիվ էր տալիս, քաղաքակիրթ աշխարհը լուռ դիտորդի կարգավիճակում էր։ Սակայն աշխարհի տարբեր ծայրերից արվեստագետներն իրենց աջակցության խոսքերն էին հղում հայ ժողովրդին և Հայաստանին, հոնորարներ փոխանցում Արցախին։ Հայրենիքից ֆիզիկապես հեռու գտնվող հայ երաժիշտներն իրենց բողոքի ձայնն էին հնչեցնում տարբեր հարթակներից, կազմակերպում բարեգործական համերգներ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Նորվեգիայում, Ռուսաստանում և այլուր։  

Բոլորն անհամբեր սպասում էին հաղթական ղողանջներին, բայց․․․ Ոչ ոք և ոչինչ չի մոռացվելու։ Երբեք։ 

Ասում են՝ երբ կրակում են թնդանոթները, մուսաները լռում են։ Մեր մուսաները երբեք չպետք է լռեն ու չե՛ն լռելու։ Ինչպես ասել է անվանի գրող Պերճ Զեյթունցյանը՝ մենք վրեժ ունենք լուծելու: Վրեժի լավագույն ճանապարհը բարեկեցիկ երկիր կառուցելն է թուրքի քթի տակ` բարոյապես ուժեղ, կեղտից ու աղբից մաքրված, որպեսզի հայը ոչ թե արտագաղթի, այլ ուզենա հայրենիք վերադառնալ: Որքան էլ ծանր լինի, ժամանակն է սկսել վրեժ լուծելու մեր գործը։ Յուրաքանչյուր ոք պետք է դառնա իր գործի զինվորը և կերտի ամուր հայրենիք։  

Հզոր հայրենիքի կարևորագուն բաղադրիչը հզոր մշակույթն է։ Ի՞նչ է պետք անել հզոր մշակույթ ունենալու համար։ Նախ և առաջ՝ ողջ ռեսուրսները կենտրոնացնել ազգային մշակույթը զարգացնելու և տարածելու վրա։ Դա պետք է արվի ոչ միայն պետական մակարդակով, այնպես էլ՝ քաղաքացու պահանջով։ Ինչպես շատերը խուսափում են գնել անորակ ապրանք, նույն կերպ պետք է խուսափել  անօրակ մշակույթից։ Պետք է համապատասխան օրենք, որով կկարգավորվի հայ արվեստագետի գործունեությունը։ Օրինակ՝ հայ երաժիշտները  որպես մենակատար հավասարապես պետք է ելույթ ունենան նվագախմբերի հետ, ավելի շատ հնչեն հայ կոմպոզիտորի գործերը։ Ի՞նչ պետք է անի շարքային արվեստասերը։ Կանգնի հայ արվեստագետի կողքին և նախապատվությունը տա նրան, այլ ոչ թե հրավիրյալին, որի տաղանդը շատ հաճախ զիջում է հայերին։ Պետք է լինի որակյալը պահանջող, այլ ոչ թե եղածը սպառող արվեստասեր։ 

Armenian National Music-ը շարունակելու է իր գործը կրկնակի ուժով։ Մենք համոզված ենք, որ հայ երաժիշտները ստեղծել և ստեղծում են համաշխարհային երաժշտական արվեստի նմուշներ, որոնք անհրաժեշտ է հասանելի դարձնել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։ Դա պետք է անեն բոլորը։ Ի ԳՈ՛ՐԾ։    

Հեղինակ՝ Սոնա Խաչատրյան
Լուսանկարը՝
Էդգար Հարությունյանի