Անցնել բովանդակությանը

· Ջազ

Չիկ Կորեա․ վարպետ, որ միշտ ուզում էր լինել աշակերտ

Չիկ Կորեա․ վարպետ, որ միշտ ուզում էր լինել աշակերտ
Ապրիլի 18-ին, ժամը 19։00-ին Հայաստանի պետական ջազ նվագախումբը համերգ կնվիրի ջազի լեգենդ Չիկ Կորեայի հիշատակին: Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում  Ջազ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, կներկայացնի անվանի երաժշտի ստեղծագործությունները՝ գործիքավորված հատուկ մեծ ջազ նվագախմբի համար:

Չիկ Կորեան վարպետ էր, որը միշտ ուզում էր լինել աշակերտ․․․  Առանց նրա  հնարավոր չէ  պատկերացնել  ժամանակակից ջազը:

Չիկ Կորեան (1941-2021) ամերիկացի ջազ կոմպոզիտոր էր, դաշնակահար, բենդի ղեկավար: Կորեայի ակտիվ գործունեությունը  սկսվել է Նյու Յորքում՝ 1960-ականների երկրորդ կեսին ջազային կոլեկտիվներում, որոնք ղեկավարում էին Մոնգո Սանտամարիան, Ուիլի Բոբոն, Հերբի Մենը և Ստեն Գետցը: Այդ ժամանակաշրջանում նա ստեղծում է իր առաջին սոլո ձայնագրությունները: Նրա վաղ աշխատանքներից ամենակարևորը Now He Sings, Now He Sobs (1968) երկրորդ ալբոմն է, որն այս հարյուրամյակի սկզբում դարձել է Grammy-ի Փառքի սրահի բաղկացուցիչ մասնիկը:

Երաժշտի գործունեության ամենակարևոր փուլերից է շեփորահար Մայլզ Դևիսի հետ համագործակցությունն էր, որի հետ ձայնագրվել են բազում նշանակալի ալբոմներ (Filles de Kilimanjaro, In A Silent Way, Bitches Brew): Չիկ Կորեայի հայտնի Spain, La Fiesta, Armando's Rhumba, Windows ստեղծագործությունները համարվում են ջազ ստանդարտներ, և նույնպես հնչելու են համերգի ընթացքում: Տարբեր տարիներին Կորեան աշխատել է ամենատարբեր կազմերի՝ ավանգարդ Circle-ի, Return To Forever և Elektric Band ֆյուժն խմբերի, Akoustic Band-ի, New Trio-ի, The Origin-ի և այլոց հետ: Չիկ Կորեան արժանացել է 25 Grammy մրցանակի և ավելի քան 60 անգամ առաջադրվել  հեղինակավոր մրցանակին: