Անցնել բովանդակությանը

· Դասական

Աստղիկ Սարդարյանը հանդես է եկել Ճապոնիայում կայացած միջազգային համերգային շրջագայության ընթացքում 

Աստղիկ Սարդարյանը հանդես է եկել Ճապոնիայում կայացած միջազգային համերգային շրջագայության ընթացքում 

Հայ ջութակահարուհի Աստղիկ Սարդարյանը մասնակցել է International Music Exchange Concert միջազգային համերգաշարին՝ ներկայացնելով Հայաստանը Ճապոնիայի տարբեր քաղաքներում։

Հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 14-ը Ճապոնիայում անցկացված շրջագայությունն ընդգրկել է մեկ տասնյակից ավելի համերգ՝ երկրի տարբեր համերգասրահներում։ Նախագծի մասնակիցների և մենակատարների թվում էին տարբեր երկրների ճանաչված երաժիշտներ՝ Պ. Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիր, դաշնակահար Օլեգ Պոլյանսկին, Իտալիայի Դ. Չիմարոզայի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Ջուլիանո Ադորնոն, Ռուսաստանի Մեծ թատրոնի մենակատար, Գնեսինների անվան Ռուսաստանի երաժշտական ակադեմիայի մեներգեցողության ամբիոնի պրոֆեսոր Լեոնիդ Բոմշտեյնը և սոպրանո Նատալյա Սկրյաբինան։ Համերգները տեղի են ունեցել Ճապոնիայի Ակիտա, Մյոկո, Չիբա, Մացույամա, Հիմեջի, Օկայամա, Կիոտո, Մացուսակա, Ֆուջիյոշիդա, Տակամացու, Կումամոտո և Հիրոսիմա քաղաքներում։

Համերգային ծրագրում ընդգրկված էին Ֆրանց Լիստի, Ֆրեդերիկ Շոպենի, Պյոտր Չայկովսկու, Անտոնին Դվորժակի, Ջուզեպպե Վերդիի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Աստղիկ Սարդարյանի կատարմամբ հնչել են Անտոնին Դվորժակի «Հումորեսկը», Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ» բալետից «Ռուսական պարը», ինչպես նաև ճապոնացի կոմպոզիտոր Ջո Հիսաիշիի «Merry-Go-Round of Life» ստեղծագործությունը։

Աստղիկ Սարդարյանը միջազգային մրցույթների դափնեկիր է, International Music Exchange Concert ծրագրի մշտական մասնակից։ Նա նաև «Ֆերմատա» փառատոնի և մրցույթի երաժշտական տնօրենն է, Ռուսաստանի Օբնինսկ քաղաքի Ն. Մետների անվան թիվ 2 մանկական արվեստի դպրոցի լարային բաժնի վարիչը և «Ռենեսանս» կամերային նվագախմբի մենակատարը։

Սարդարյանն ավարտել է Պ. Ի. Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիան։ Ապրում և ստեղծագործում է Երևանում և Մոսկվայում։