Անցնել բովանդակությանը

· Նորություններ

Հիրոկո Ինոուեի մենահամերգը՝ նվիրված Միքայել Թարիվերդիևի 95-ամյակին

Հիրոկո Ինոուեի մենահամերգը՝ նվիրված Միքայել Թարիվերդիևի 95-ամյակին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 21-ին Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնի շրջանակում տեղի է ունեցել 20-րդ դարի հայազգի սիրված կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգը։ Այս մասին հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից։

Մենահամերգով հանդես է եկել միջազգային ճանաչում ունեցող Ռուսաստանում ստեղծագործող ճապոնացի երգեհոնահարուհի Հիրոկո Ինոուեն։ Նրա կատարմամբ հնչել են Միքայել Թարիվերդիևի, Յոհան Սեբաստիան Բախի և ճապոնացի կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Համերգին ներկա են եղել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի փոխդեսպան Անազավա Յոկոն, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ։

Միքայել Թարիվերդիևը լայն ճանաչում է ձեռք բերել որպես բազմաթիվ ֆիլմերի երաժշտության հեղինակ։ Նրա ստեղծած մեղեդիներից շատերը դարձել են մի ամբողջ դարաշրջանի երաժշտական խորհրդանիշներ։ Կոմպոզիտորի հարուստ և բազմաժանր ստեղծագործական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում նաև երգեհոնային երկերը։

Համերգային ծրագիրը հնարավորություն է ընձեռել բացահայտելու Թարիվերդիևի երաժշտարվեստի տարբեր կողմերը՝ համադրելով նրա երգեհոնային ստեղծագործություններն ու կինոերաժշտության հանրահայտ մեղեդիները։

Համերգի ավարտին որպես բիս Հիրոկո Ինոուեն կատարել է Մակար Եկմալյանի «Ամենայն Հայր Սուրբ» և Միքայել Թարիվերդիևի «Մոռացված մեղեդիներ» ստեղծագործությունները։

Համերգն անցկացվել է «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։