8 տարվա դադարից հետո իր դռներն է բացում Կոնսերվատորիայի Օպերային ստուդիան - Armenian National Music (anmmedia.am)
8 տարվա դադարից հետո իր դռներն է բացում Կոնսերվատորիայի Օպերային ստուդիան

Հրապարակվել է՝ Փտվ 11 2020, 13:29

Հեղինակ՝ ANM Media
2020 թ․ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիան նշում է իր հիմնադրման 40-ամյակը։  8 տարվա դադարից հետո ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ստուդիան վերսկսում է իր գործունեությունը։ 

«Այս տարի պետական մակարդակով նշվում է անվանի կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 100-ամյակը։ Սա շատ կարևոր հոբելյան է, որովհետև նա 26 տարի շարունակ ղեկավարել է Կոնսերվատորիան, և իր նախաձեռնությամբ էլ բացվել է Օպերային ստուդիան։ Այն ժամանակ գործում էր և՛ երգչախումբ, և՛ նվագախումբ։ Դժվար տարիներին, երբ ընդատվեց ֆինանսավորումը, Ստուդիայի գործունեությունը ևս խաթարվեց։ Այս տարի որոշել ենք վերսկսել մեր աշխատանքները»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ Օպերային ստուդիան գործում է առանց որևէ ֆինանսական ներդրման։ Ստուդիան ժամանակին ունեցել է առանձին մուտք, հանդերձարան և երաժշտական թատրոնի համար անհհրաժեշտ այլ գոտիներ։ Տարածքը երկար տարիներ տրվել է վարձակալության և միայն վերջերս է վերադարձվել Կոնսերվատորիային։ Նախատեսվում է վերականգնել նաև այդ տարածքը, որպեսզի Ստուդիան ունենա իր սեփական մուտքը և միջավայրը։ Ստուդիայի աշխատանքներին ներգրավված են ԵՊԿ ուսանողները և նվագախումբը։ 

Տարին նշանավորվելու է Օպերային ստուդիայի կողմից Գ․ Դոնիցետտիի «Դոն Պասկուալե» օպերայի հայաստանյան պրեմիերայով, ինչպես նաև 8 համերգից բաղկացած համերգաշարով։ Ղ․ Սարյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 30-ին կկատարվի Տ․ Չուխաջյանի « Լեբլեբիջի» (վերախմբագրված «Կարինե») օպերետը՝ Ղ․ Սարյանի գործիքավորմամբ և խմբագրմամբ, որը կներկայացվի նաև Հայաստանի մարզերում և Արցախում։ Համերգաշարի բացումը տեղի կունենա փետրվարի 12-ին, ժամը 15։00-ին։ Նպատակ ունենալով դառնալ ազգային դիմագծով օպերային թատրոն՝ Օպերային ստուդիայի առաջին համերգային ծրագիրն ընդգրկում է հայկական 10 օպերաներից արիաներ և զուգերգեր (Գևորգ Արմենյանի «Խաչատուր Աբովյան», Լևոն Խոջա-էյնաթյանի «Նամուս», Հարո Ստեփանյանի «Լուսաբացին», Վարդան Տիգրանյանի «Սոս և Վարդիթեր» և այլն)։ Օպերային ստուդիայի բոլոր ներկայացումների մուտքը լինելու է ազատ ինչպես ԵՊԿ ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ բոլոր երաժշտասերների համար։  

«Դոն Պասկուալե» օպերան կներկայացվի մայիսին և հունիսին։ Բեմադրությունները կիրականացվեն երկու տարբեր կազմերով, որպեսզի ստուդիայի բոլոր արտիստները բեմ բարձրանալու հնարավորություն ունենան։ Բացի դրանից, Ստուդիայում ելույթ կունենան նաև հրավիրյալ արտիստներ»,- ասուլիսին նշեց Օպերային ստուդիայի տնօրեն Հայկ Վարդանյանը՝ հավելելով, որ այդքանով չեն սահմանափակվելու։ Օպերային ստուդիան արդեն պայմանավորվածություններ ունի Փարիզի, Բաստիլի, Ստրասբուրգի, Դյուսելդորֆի, Շտուտգարտի արվեստի ակադեմիաների և այլ հաստատությունների հետ։  

ԵՊԿ օպերային պատրաստման ամբիոնի վարիչ, դոցենտ Կարեն Լավչյանն իր հերթին նշեց, որ Ստուդիայի վերաբացման լուրը մեծ ոգևորությամբ է ընդունվել Կոնսերվատորիայի ուսանողների կողմից, քանի որ այստեղով անցած  ուսանողները լիովին պատրաստ կլինեն մեծ բեմ բարձրանալու։ «Մենք մեր ուսանողներից լավագույններին ենք ընտրում և սովորեցնում աշխատել ռեժիսորի, դիրիժորի հետ, աշխատում կերպարի բացահայտման վրա։ Ցանկանում եմ մեծ հպարտությամբ նշել, որ և՛ մեր օպերայի, և՛ միջազգային բեմ դուրս եկած հայ արտիստների մեծամասնությունն այստեղից են սկսել իրենց գործունեությունը»։