Դոմինգո Հինդոյանը 2021 թվականի սեպտեմբերից կդառնա Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի նոր գլխավոր դիրիժորը: Համաձայն նվագախմբի պաշտոնական կայքի, Հինդոյանը կփոխարինի աշխարհահռչակ Վասիլի Պետրենկոյին, որը 15 տարի այնտեղ աշխատելուց հետո կհեռանա իր պաշտոնից: Դոմինգո Հինդոյանը խոսելով իր նշանակման մասին, նշում է. «Առաջին իսկ օրվանից երբ ես համագործակցեցի Լիվերպուլի ֆիլհարմոնիկի հետ, հանդիպեցի երաժիշտների մի զարմանալի խմբի, որի երաժիշտները վառ անհատականություններ են ու երաժշտության հանդեպ մեծ կիրք ունեն: Այս նվագախումբը հիանալի հավաքական ուժ է, որը ձևավորվում է փայլուն անհատների կողմից: Ինձ հուզեց ոչ միայն նվագախումբը, այլ Լիվերպուլի աշխույժ կյանքը և նրա պատմական կապը երաժշտության և սպորտի հետ: Նվագախումբը արվեստի հիմնարար դեսպանն է, և մեր առաջնահերթ խնդիրներից է լինելու մեր կատարած երաժշտության մեծ ժառանգությունը պահպանումը, աննախադեպ հնչյուններով հանդիսատեսին ողջունելը և նոր սերունդների համար արդյունավետ ուսումնական նախագծերով ապագա կերտելը: Ես ոգևորված եմ իմ նշանակմամբ և գիտեմ, որ միասին մենք կհասնենք երաժշտական ​​պատմության մեջ նոր բարձունքի»: Դոմինգո Հինդոյանը ներկայումս Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորն է: Նա աշխատել է Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախումբի, «Մետրոպոլիտեն» օպերայի, Վիեննայի պետական օպերայի, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկի, «Սիմոն Բոլվիար» սիմֆոնիկ նվագախմբի, Բեռնլինի Deutsche Staatsoper, Չիկագոյի Լիրիկ օպերայի և Մարիինյան թատրոնի նվագախմբերի հետ: Հինդոյանն իր երաժշտական գործունեությունը սկսել է որպես ջութակահար: 2013-ին տեղափոխվել է Բեռլին, որտեղ մինչև 2016 թվականը եղել է Դանիել Բարենբոիմի առաջին օգնականը Deutsche Staatsoper-ում: Իր հարցազրույցներից մեկում Հինդոյանը պատմել է, թե ինչպես է իր երաժշտական կարիերայում ճակատագրական դեր են խաղացել հայկական արմատները: «2005 թվականին ես ընդունվեցի Դանիել Բարենբոյմի նվագախումբ: Ես նրան հանդիպեցի Լյուցերնում, որտեղ նա ղեկավարում էր Չիկագոյի սիմֆոնիկ նվագախումբը: Նա հարցրեց իմ արմատների մասին: Ասացի՝ ազգանունս հայկական է,մայր Հալեպում ծնված հայ է: Նույն վայրկյանին ես պատրաստ էի նվագել Բարենբոյմի համար, քանի որ նվագախմբի փորձին եկել էի գործիքով և սրահի աշխատողներին ասել, որ նվագախմբի երաժիշտներից եմ: Նա առաջարկեց ինձ նվագել իր Divan նվագախմբում: Ահա այսպես զավեշտալի սկսվեց իմ պրոֆեսիոնալ գործունեությունը: Բարենբոյմի հետ աշխատեցի tas տարի, որից յոթը՝ որպես ջութակահար, երեքը՝ որպես նրա ասիստենտ: Ամեն տեսակի ծրագիր ղեկավարել եմ, սիմֆոնիայից մինչև օպերա»: Դոմինգո Հինդոյանը ծնվել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում: Իր երաժշտական գործունեությունը սկսել է ծննդավայրում, այնուհետև ընդունվել է Ժնևի Երաժշտության բարձրագույն դպրոց, պրոֆեսոր Լորան Գեյի դասարան: