Անցնել բովանդակությանը

· Ջազ

Նոր շունչ ու նոր քամի են բերում բոլորին. Վահագն Հայրապետյանը նոր նախագծի մասին

Նոր շունչ ու նոր քամի են բերում բոլորին. Վահագն Հայրապետյանը նոր նախագծի մասին
Ջազմեն, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանն ու ընկերները ներկայացնում են "IMP LIVE" (International Musicians Platform Live) նոր նախագիծը: "IMP LIVE"-ն առցանց երաժշտական հարթակ է, որը միավորելու է ամբողջ աշխարհի երաժիշտներին մեկ հարկի տակ: Նախագծի շրջանակներում տեղի են ունենալու կենդանի համերգներ, հարցազրույցներ, հանդիպումներ և վարպետության դասեր:

Այս ամենի մեկնարկը կտրվի հունիսի 23-ին՝ Վահագն Հայրապետյանի և իր եռյակի համերգով, որի շրջանակներում երաժիշտն ավելի մանրամասն կներկայացնի նախագիծը: Այստեղ տեղի են ունենալու կենդանի համերգներ ինչպես հայտնի, այնպես էլ նոր անունների մասնակցությամբ: Ի տարբերություն շատ ինտերնետային հարթակների, այս հարթակը տարբերվելու է իր ինտերակտիվությամբ։ Բացի նրանից, որ ունկնդիրը տեսնելու է արտիստներին, երաժիշտներն էլ կտեսնեն իրենց ունկնդրին և անմիջական կապի մեջ կմտնեն իրար հետ։ Ինչպես Վահագն Հայրապետյանն է ասում՝ նոր շունչ ու նոր քամի են բերում բոլորին:          

Նախագծի գաղափարը ծնվեց համավարակի օրերին, երբ ողջ աշխարհում դադարեցվեցին կենդանի համերգները ոչ միայն համերգասրահներում, այլև ակումբներում: Բազմաթիվ արտիստներ տեղափոխվեցին առցանց հարթակ, իսկ Վահագն Հայրապետյանը սկսեց ամեն օր իր ուղիղ եթերներով ուրախացնել երկրպագուներին: 

«Մարտի 26-ից ամեն օր 2,5 ամիս դուրս էի գալիս ուղիղ եթեր իմ բնակարանից՝ ընտանիքիս հետ միասին: Ընթացքում հասցրեցինք համատեղ ելույթներ ունենալ ռուս և ամերիկացի գործընկերներիս հետ: Վերջին առցանց համերգը տեղի ունեսավ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այս օրը դաշնակահար Օլեգ Ստարիկովը Մոսկվայից իր շուրջը համախմբեց ԱՊՀ երկրներում ապրող իր գործընկերներին և իրենց երեխաներին: Այս ընթացքում էլ Կարեն Բաղինյանի և Բագրատ Մեհրաբյանի հետ ծնվեց այս գաղափարը: Ընթացքում սկսեցինք հավաքել մեր թիմը, որոնց թվում են  Ռաֆայել Պետրոսյանը, «Ալֆա սաունդ» ձայնագրման ստուդիան, «Սթրիմ սեթ» ընկերությունը և այլոք»,- ANM-ի հետ զրույցում ասաց Վահագն Հայրապետյանը: 

Ջազմենի խոսքով՝ նախագիծը ժանրային սահմանափակում չի դնելու. ամենակարևոր չափանիշը որակն է թե՛ կատարողական, թե՛ տեխնիկական: Այդ իսկ պատճառով համերգները տեղի են ունենալու ստուդիայում և իրենց առջև դրվելու է մեծ էկրան: Ունկնդիրները հնարավորություն կունենան ուղղելու իրենց հարցերը կատարողներին:Յուրաքանչյուր ոք կարող է իր ներդրումն ունենալ՝ հարթակի զարգացման համար, հանգանակելով ցանկացած գումար:

Համերգը սկսվելու է ժամը 21:00-ին, սակայն մուտքը դեպի համակարգ սկսելու է ժամը 20:00-ից, քանի որ յուրաքանչյուրի մասնակցությունը պետք է տեխնիկական պրոցես անցնի:

Հեղինակ՝ Սոնա Խաչատրյան

Լուսանկարը՝ Հրանտ Խաչատրյանի