Վերադարձրե՛ք մշակույթը մարդկանց - Armenian National Music (anmmedia.am)
Վերադարձրե՛ք մշակույթը մարդկանց

Հրապարակվել է՝ Հլս 27 2020, 19:02

Հեղինակ՝ ANM Media
Մինչ ամբողջ աշխարհում համերգային ակտիվ գործունեությունը վերսկսելու համար մշակվում են նոր մեխանիզմներ, Հայաստանում դրանք վերսկսելու մասին կարծես խոսք չի գնում։ Փոքր կազմերով առցանց համերգներն էլ, որոնք սկզբում բավական մեծ հաջողություն ունեին, կարծես կամաց սկսում են հոգնեցնել երաժշտասեր հանրությանը։ 

Որոշ երկրներում արդեն սկսել են փոքր կամերային համերգները, որոնք տեղի են ունենում թանգարաններում կամ բացօթյա հատվածներում։ Իսկ ինչպե՞ս է պատկերացնում հայ երաժշտասերը առաջիկա համերգները և պատրա՞ստ է առհասարակ հաճախել համերգների համավարակի պայմաններում։ Armenian National Music-ը իր հետևորդների շրջանակում անցկացրել է առցանց հարցում, որպեսզի պարզի երաժշտասեր հասարակության կարծիքը և լսելի դարձնի նրանց առաջարկները։ 

Հարցմանը մասնակցել է 620 մարդ, որից 34.1 տոկոսը 26-35 տարեկան է, 30.2 տոկոսը` 18-25, 22 տոկոսը` 36-45, 10.7 տոկոսը 46-60, 2.6 տոկոսը` 61 և ավելի մեծ տարիքի։ 

Հարցվածների 48,8 տոկոսը «զբաղվածության ոլորտ» բաժնում նշել է մշակույթի ոլորտը, 18 տոկոսը՝ կրթության և գիտության, 6.8 տոկոսը՝ լրագրություն և PR, 3.9 տոկոսը ներկայացել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչ, նույնքան է կազմում նաև առողջապահության ոլորտի աշխատակիցների թիվը։ Հարցվածների 3.4 տոկոսը աշխատում է սպասարկման ոլորտում,  2.4 տոկոսը՝ զբոսաշրջության,  2 տոկոսը՝ առևտրի ոլորտում։ 1 տոկոսը որպես զբաղվածության ոլորտ նշել է անհատ ձեռնարկատիրությունը, իսկ  9.8 տոկոսը՝ այլ ոլորտներ։ 

Եթե սեպտեմբերից վերսկսվի համերգային գործունեությունը, կգնա՞ն արդյոք երաժշտասերները համերգների։ Զգալի մեծամասնությունը՝ այո (77.1 տոկոսը 22.9 տոկոսի հարաբերակցությամբ)։ 

Ինչ վերաբերում է անվտանգության նորմերին, որի պահպանմամբ միայն  հարցվածնեը կգան համերգի, մի քանիսն են (Յուրաքանչյուր ոք հնարավորություն ուներ նշելու մի քանի պայման)։ Երաժշտասերները որպես գլխավոր նախապայման նշել են 1.5-2 մ հեռավորության պահպանումը (53.2 տոկոս), այնուհետև կարևորել են պարտադիր ջերմաչափումը (35.1 տոկոս) և դիմակների ու ախտահանիչների կիրառումը (30.7 տոկոս)։ Հարցվածների 33.2 տոկոսը սպասում է համավարակի ամբողջական վերացմանը։ 

Նշելով համերգի ձևաչափը, հարցվածների մեծամասնությունը ցանկություն է հայտնել ներկա գտնվելու բացօթյա միջոցառումների (72.2 տոկոս), երկրորդ տեղում սիմֆոնիկ համերգներն են (38 տոկոս), Փոքր կամերային համերգների կոմնակիցները երրորդ տեղում են (32.7 տոկոս): 8.3 տոկոս հարցվածները ոչ մի ձևաչափով չեն համաձայնի գնալ համերգների, իսկ 4.4 տոկոսը դեռևս նախընտրում է առցանց համերգները։ Այս հարցին հարցվածները հնարավորություն ունեին ընտրելու մի քանի տարբերակ։  Որպես առաջարկ հարցվածներից մեկը նշել է նստատեղերի պարտադիր ախտահանումը։ 

Անկախ հարցումներից և հարցումներում նշված տարբերակներից, մի բան ակնհայտ է․ արվեստի և մշակույթի մարդիկ մեծ ցանկություն ունեն զբաղվելու իրենց սիրելի գործով, այն է՝ հաճախել համերգներ, թատրոններ, թանգարաններ։ Չէ՞ որ աշխարհն իրոք տաղտկալի է առանց մշակույթի և անհրաժեշտ է օր առաջ ձևավորել համապատասխան խմբեր՝ այս հարցին դրական և միևնույն ժամանակ անվտանգ լուծում տալու համար։ Դարեր ի վեր հենց մշակույթի շնորհիվ են մարդիկ հաղթահարվել սթրեսները և լարված իրավիճակը։ Ուրեմն՝ վերադարձրեք մշակույթը մարդկանց։

Պատրաստեց Սոնա Խաչատրյանը 

Լուսանկարը՝ Damir Hajdarbasic / Shutterstock.com