Անցնել բովանդակությանը

· Դասական

Armenian National Music-ը կհեռարձակի «Նոր անուններ» 10-րդ միջազգային փառատոնը

Armenian National Music-ը կհեռարձակի «Նոր անուններ» 10-րդ միջազգային փառատոնը
Armenian National Music-ը առցանց եղանակով կցուցադրի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 10-րդ միջազգային փառատոնը: Այն կանցկացվի դեկտեմբերի 26-ին՝ «Խաղաղությունը սրտում» խորագրով։ Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ (ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան)։ 

«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային 10-րդ՝ հոբելյանական փառատոնը, ավանդույթի համաձայն, պետք է անցկացվեր հունիս ամսին, սակայն հետաձգումը պայմանավորված էր համավարակով և արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմով: Այս տարի փառատոնի համերգային 3 առցանց ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 5 տասնյակ պատանի երաժիշտ-կատարողներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լիտվայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Վրաստանից (օտարազգի, սփյուռքահայ, միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ)։ Փառատոնի առցանց համերգասրահում են նաև Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի նախկին տարիների անդամները, ովքեր արդեն կայացած երաժիշտ-կատարողներ են:

Առցանց համերգասրահը թույլ կտա փառատոնի «Խաղաղությունը սրտում» պատգամի ներքո հավաքել առավել մեծ լսարան և պատանի երաժիշտներին ներկայանալ իրենց «երաժշտական մարտահրավերներով»։