Ինչո՞ւ պետք է լսել Շտրաուս - Armenian National Music (anmmedia.am)
Ինչո՞ւ պետք է լսել Շտրաուս

Հրապարակվել է՝ Փտվ 27 2020, 20:52

Հեղինակ՝ ANM Media
Ռիխարդ Շտրաուսի հանրահայտ «Ալպիական սիմֆոնիան» Հայաստանում առաջին անգամ կկատարվի ստեղծագործության գործիքակազմի ամբողջական ներգրավմամբ։ Այն փետրվարի 28-ին կներկայացնի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։ Այս կապակցությամբ Էդուարդ Թոփչյանը հյուրընկալվել էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորիայում։ Նա ԵՊԿ Կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ Արթուր Ավանեսովի հետ ներկայացրեց ստեղծագործությունը, ստեղծման պատմությունը, անցկացվեցին  զուգահեռներ ինչպես Շտրաուսի, այնպես էլ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների միջև։ 

«Գերհանճարեղ ստեղծագործություն՝ գերմարդու կողմից։ Եթե ստեղծագործության պատմությունն էլ չիմանաս, կտեսնես Ալպերի ողջ գեղեցիկ տեսարանը, քանի որ այնքան գունեղ է դա նկարագրվում այս սիմֆոնիայում»։ Այսպես պատասխանեց Է․ Թոփչյանն այն հարցին, թե ինչու է պետք լսել Շտրաուս և «Ալպիական սիմֆոնիան»։ Նրա խոսքով՝  մարդ իր հոգու խորքում հասկանում է, թե ինչու է պետք դա անել, չնայած՝  չի կարողանում առաջին հայացքից բառերով ամեն ինչ ներկայացնել։ «Որովհետև այն մեզ սովորեցնում է լինել ավելի զգայուն, սովորեցնում է նայել մեր խորքը, լսել ամեն ինչ ինչ կատարվում է այդ երաժշտության մեջ և  լինել շատ ուշադիր նվազագույն շարժումների նկատմամբ»,-հավելեց Ա․ Ավանեսովը, որը խոսելով և զուգահեռներ անցկացնլով ստեղծագործությունների միջև, հաճախ կատարում էր այն՝ որպեսզի ներկաներն ավելի լավ պատկերացում կազմեն, թե ինչի մասին է խոսքը գնում։

Միջոցառմանը ներկա էին ԵՊԿ դասախոսներ, ուսանողներ, երաժշտասերներներ, որոնք քննարկումից հետո հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հարցերը բանախոսներին։ 

Լուսանկարը՝ Մարիամ Վարդանյանի