Անցնել բովանդակությանը

· News

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 9-ին 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 9-ին 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնարկում է 21-րդ համերգաշրջանը. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա բացման համերգը: 

Այս առիթով տեղի է ունեցել մամուլիս ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Բանախոսներն անդրադարձել են նոր համերգաշրջանին, առաջիկա ծրագրերին հրավիրվող մենակատարներին և դիրիժորներին, ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությանը, նոր նախաձեռնություններին, ինչպես նաև ամփոփել են հոբելյանական 20-րդ համերգաշրջանը:

Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ որպես պետական քաղաքականություն՝ առանցքային է մշակութային կյանքի ակտիվացումը մարզերում․ այդ նպատակին ուղղված մեծ նախագիծ է պատրաստվել Անկախության 35-ամյակի շրջանակում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սեպտեմբերի 18-ին Վանաձորի Հայքի հրապարակում հանդես կգա «Սիմֆոնիկ ռոք» և «Սիմֆոնիկ ֆոլկ» ծրագրերով, իսկ սեպտեմբերի 21-ին կմասնակցի Հանրապետության հրապարակի տոնական ամփոփիչ համերգին։  

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ 21-րդ համերգաշրջանը նշանավորվելու է միջազգային հայտնի երաժիշտների մասնակցությամբ: Մեկնարկի համերգին ելույթով հանդես կգա հայտնի դաշնակահար Բեհզոդ Աբդուրաիմովը:

Նա ներկայացրել է համերգաշրջանի գլխավոր դերակատարներին՝ հրավիրված արտիստներին ու դիրիժորներին, որոնց թվում են ջութակահար Նոա Բենդիքսը, դաշնակահար Բրյուս Լյուն, թավջութակահար Գայ Ջոնսոնը,  դաշնակահար Ալիս Սառա Օտտը, ալտահար Դեյվիդ Աարոն Քարփենթերը և այլք: Ըստ Սմբատյանի՝ 21-րդ համերգաշրջանի կարևոր իրադարձություններից է սիմֆոնիկ և օպերային երաժշտության ոլորտում մեծ ճանաչում ունեցող դիրիժոր Իոն Մարինի համերգը Հայաստանում, որը կկայանա սեպտեմբերի 30-ին: