Անցնել բովանդակությանը

· Դասական

Օլիմպիական խաղեր․ ամենահիշարժան երաժշտական կատարումները

Օլիմպիական խաղեր․ ամենահիշարժան երաժշտական կատարումները
«Հուլիսի 23-ին Տոկիոյում մեկնարկել են երեսուներկուերորդ ամառային օլիմպիական խաղերը, որն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է։ Մինչև սպորտի երկրպագուներն ակտիվորեն հետևում են սպորտային այս մեծ ստուգատեսին, Armenian National Music-ը երաժշտասերների համար առանձնացրել է Օլիմպիադայի պատմության մեջ ամենատպավորիչ երաժշտական համարները, որոնք կատարվել են բացման կամ փակման արարողությունների ժամանակ։

Հենդելի «Ալելույա» խմբերգը (Լոնդոն 1948)

Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո առաջին Օլիմպիական խաղերը տեղի ունեցան Լոնդոնում 1948-ին։ Քանի որ դեռևս թարմ էին պատերազմի մասին հիշողությունները, Լոնդոնի օլիմպիական կոմիտեն, հայրենասիրությունից ելնելով, որոշեց բացման հանդիսավոր արարողության երաժշտական մասը կազմել բրիտանացի կոմպոզիտորների ստեղծագործություններից, որն էլ եզրափակվեց Հենդելի «Մեսիա» օրատորիայից «Ալելույա» խմբերգով։





Գերշվինի Երկնագույն ռապսոդիան (Լոս Անջելես 1984)

Լոս Անջելեսի 1984 թ․ Օլիպիադայի բացման արարողության «մեխը» Գերշվինի Երկնագույն ռապսոդիան է։ Մարզադաշտում հազարավոր հանդիսականի ներկայությամբ այն կատարում են երկնագույն ֆրակով 84 դաշնակահարներ։ Կատարումն ուղեկցվում էր երկնագույն հագուստներով պարուհիների պարով։



Բարսելոնա․ Ֆրեդի Մերկյուրի և Մոնսերատ Կաբալյե (Բարսելոնա 1992)

Օլիմպիադայի պատմության մեջ Ֆրեդի Մերկյուրիի և Մոնսերատ Կաբալյեի Բարսելոնան կարելի է համարել ամենավառ ու հիշարժան երաժշտական համարներից մեկը, սակայն քչերը գիտեն, որ Օլիմպիական խաղերի բացմանը հանդիսատեսին ներկայացվել է կատարման տեսագրությունը։ Լեգենդար Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկյուրին մահացել է Օլիմպիական խաղերի բացումից մեկ տարի առաջ, իսկ երգն ի սկզբանե որևէ կապ չի ունեցել դրա հետ։ 1987 թ-ին Կաբալյեն Մերկյուրիին պարվիրեց գրել երգ՝ իր ծննդավայր Բարսելոնայի մասին։ Մերկյուրին երգը գրել է հենց Կատալոնիայի մայրաքաղաքում։ Բարսելոնան վերաթողարկվեց Օլիմպիադայի կապակցությամբ և էլ ավելի մեծ հաջողություն ունեցավ։



Լուչանո Պավարոտին և Նեսսուն դորման (2006 թ․ Թուրին)

2006-ին Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական արարողությունան ամենահիշարժան պահերից մեկն էլ հռչակավոր տենոր Լուչիանո Պավարոտիի ելույթն է։ Պավարոտին օլիմպիական մարզադաշտում երգում է Nessun dorma-ն Պուչինիի Տուրանդոտ օպերայից, որին հաջորդում է գեղեցիկ հրավառությունը։
Սա Լուչիանո Պավարոտիի վերջին ելույթն էր իր սիրելի հանդիսատեսի համար․ նա մահանում է մեկ տարի անց՝ ծանր քաղցկեղից։



2008 թմբկահարները (Պեկին 2008)

Չնայած Օլիմպիական խաղերը սպորտային միջոցառում է, սակայն բացման կամ փակման արարողությունների ժամանակ ընդունող երկրները փորձում են առավելագույնս ներկայացնել սեփական մշակույթը։ Չինաստանում 2008 թ-ին կայացած օլիմպիադայի ամենահիշարժան երաժշտական համարը և արարողության առանցքը կազմեցին ֆու /ազգային նվագարան/ թմբկահարների ելույթը։ Մարզադաշտում 2008 թմբկահարներ (Օլիմպիադայի անցկացման տարեթվի կապակցությամբ) երգում և նվագում են ազգային մեղեդիներ։ Շատերը կասեն՝ երաժիշտներն ականջակալով են, սակայն համաձայնվենք, որ չինացիները համաժամանակյա կատարումների առումով հավասարը չունեն։



Լան Լանի էֆեկտը (Պեկին 2008)

Պեկինի Օլիմպիական խաղերի բացման արարողության աշխարհահռչակ չինացի դաշնակահար Լան Լանի ելույթը ոչ միայն գեղեցիկ էր, այլև Չինաստանում նոր մշակութային ալիքի առիթ դարձավ։ Փոքրիկ Լի Մուզիի հետ «Դեղին գետի կանտատայի» կատարումից հետո Չինաստանում 40 միլիոն երեխա ընդունվեց դաշնամուրի դասարան։ Դաշնակահարի պատվին այս ալիքը կոչվեց «Լան Լանի էֆեկտ»: 



Սայմոն Ռաթլը, Լոնդոնի սիմֆոնիկը և Միսթ Բինը (Լոնդոն 2012)

Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացմանը շատերն են հիշում անգլիացի ամենահայտնի կատակերգական կերպարին՝ Միսթր Բինին և նրա հումորային ելույթը։ Սակայն այստեղ մենք ցանկանում ենք նշել Լոնդոնի Սիմֆոնիկի ելույթը, որը ղեկավարում էր մեծանուն դիրիժոր Սիմոն Ռաթլը։ Ռոուեն Ատկինսոնը նվագախմբի հետ «կատարում էր» բրիտանացի հայտնի աթլետների մասին պատմող «Հրե մարտակառք” ֆիլմի սաունդթրեքը, որը գրել է հույն կոմպոզիտոր Վաանգելիսը։



Հեղինակ՝ Սոնա Խաչատրյան


Օլիմպիական խաղեր․ ամենահիշարժան երաժշտական կատարումները · Armenian National Music