Անցնել բովանդակությանը

· Դասական

Մեկնարկում է Կոմպոզիտորների միության 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը

Մեկնարկում է Կոմպոզիտորների միության 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ 2022 թ. մայիսի 19-ին՝ ժամը 19:00-ին, կմեկնարկի Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը:

Նախարարի տեղակալը փառատոնին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ շնորհավորել է կոմպոզիտորների միության բոլոր անդամներին 90-ամյակի կապակցությամբ և ընդգծել, որ միայն միության պատմությանը քաջատեղյակ մարդիկ գիտեն, թե ինչ փորձությունների, բարդությունների և նվաճումների միջով է անցել միությունն այս 90 տարիների ընթացքում:

Արա Խզմալյանն ուրախությամբ նշել է, որ նախարարության և միության միջև համագործակցային աշխատանքներն ակտիվացել են, և հատկանշական է, որ այդ համագործակցության արդյունքում նաև նոր շունչ է ստացել Դիլիջանի կոմպոզիտորների տան համերգասրահը, և «Բեթհովենյան» դահլիճում պարբերաբար տեղի են ունենում միջոցառումներ:

«Մեզ համար մշակութային քաղաքականության առաջնահերթություն է մշակութային գործընթացների ապակենտրոնացումը: Կարծում եմ՝ դեռ շատ անելիքներ ունենք այդ միջավայրի հետ կապված: Տարեցտարի ուշադրության կենտրոն ենք բերում ժամանակակից կոմպոզիտորներին: Ինչպես գիտեք, այս տարի Սիմֆոնիկ նվագախմբի հետ իրականացրել ենք «Ժամանակակից կոմպոզիտորական արվեստի» փառատոնը, և գնալով ավելի ու ավելի հստակ են դառնում ռազմավարական շեշտադրումներն այդ փառատոնի մեջ»,- ասել է Արա Խզմալյանը և հավելել, որ արվում է ամեն ինչ, որպեսզի ժամանակակից կոմպոզիտորական արվեստի պրոցեսների խթանումը չսահմանափակվի միայն փառատոնով, այլև տարվա ընթացքում լավագույն ստեղծագործողներին աջակցությունը շարունակվի ինչպես տեղեկատվական, այնպես էլ կոնկրետ պատվերների միջոցով, նոտաների հրատարակմամբ:

Անդրադառնալով միության 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնին՝ միության նախագահ Արամ Սաթյանը նշել է, որ փառատոնի շրջանակում կներկայացվեն ինչպես արդեն դասական դարձած, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների բազմաժանր ստեղծագործություններ, որոնց զգալի մասը կլինեն պրեմիերաներ: Բացման համերգին ելույթ կունենան Երևանի պետական կամերային երգչախումբը, Վանաձորի պետական կամերային նվագախումբը, ինչպես նաև անվանի մենակատարներ:

«Կոմպոզիտորների միության համերգասրահի նախասրահում համերգից առաջ կբացվի նաև միության 90-ամյակին նվիրված ցուցահանդես, որի շրջանակում Հայաստանի ազգային արխիվի հետ կներկայացվեն միությանը վերաբերող արխիվային նյութեր: Մինչև նոյեմբեր տևող հոբելյանական փառատոնի ընթացքում կներկայացվեն նաև հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային ստեղծագործություններ: Ողջ տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել նաև մարզային համերգներ, մրցույթներ, բազմաբովանդակ այլ նախագծեր, որոնք կիրականացվեն Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի գործընկերությամբ»,- եզրափակել է Արամ Սաթյանը:
Մեկնարկում է Կոմպոզիտորների միության 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը · Armenian National Music