Անցնել բովանդակությանը

· Դասական

Կոմիտասի ծննդյան 155-ամյակին նվիրված համերգ-ցուցահանդես Քարդիֆում և Լոնդոնում

Կոմիտասի ծննդյան 155-ամյակին նվիրված համերգ-ցուցահանդես Քարդիֆում և Լոնդոնում
Քլինգեն Երգչախումբը և Մշակութային Ասոցիացիան՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանատան և Ուելսի Հայ համայնքային կենտրոնի հովանու ներքո՝ հունիսի 8-ին, Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Սուրբ Գերման եկեղեցում առաջին անգամ ներկայացրեց լայնածավալ համերգ-ցուցահանդես՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 155-ամյակին: Միջոցառման հեղինակն ու ղեկավարն էր մաեստրո Սիփան Օլահը։
Երաժիշտները և հանդիսատեսների մի խումբ Լոնդոնից այցելեցին Քարդիֆի Խաղաղության տաճարի այգի, ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողին:

Ուելսի Հայ Համայնքային Կենտրոնի (ACCW) հիմնադիր Ջոն Թորոսյանը ներկայացրեց հիշատակի Խաչքարի կանգնեցման պատմությունը, որն իր նախաձեռնությամբ տեղադրվել է Խաղաղության տաճարի պարտեզում 2007 թվականին՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։

Սուրբ Գերմանի եկեղեցու սրահում տեղի ունեցավ ընդունելություն-հյուրասիրություն և ցուցահանդես, որին հաջորդեց համերգ պատմական եկեղեցում:

Ցուցահանդեսում ներկայացված էին 18-ից 19-րդ դարի Օսմանյան կայսրության տարածքում հայ ոսկերիչների ձեռքով պատրաստված արծաթյա զարդեր, արվեստի յուրահատուկ նմուշներ։ Առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում Կոմիտասի ձեռագրերի, ձայնագրությունների և գրքերի, նոտաների ու խազերի բացառիկ ցուցահանդեսը։ Կարճ դասախոսությամբ հանդես եկավ ցուցահանդեսի կազմակերպիչ, նկարչուհի Մարիամ Թորոսյանը՝ որը բնակվում և ստեղծագործում է Քարդիֆում։

Hամերգի ղեկավար Սիփան Օլահը (դիրիժոր, տենոր, դաշնամուր), Եվգենյա Տերենտիևան՝ դաշնամուր, Հայարփի Եղիկյանը՝ սոպրանո, Նարինե Մալխասյանը՝ սոպրանո, Էլվիրա Մարգարյանը՝ սոպրանո, Հելեն Ռոթշելը՝ մեցցո-սոպրանո, Հակոբ Ջեք Մուրադյանը – հոբոյ, հանդես եկան սոլո կատարումներով։ Համերգին իրենց մասնակցությունը բերեցին նաև Քլինգեն երգչախմբը և վոկալ անսամբլը։ Եվս մեկ հիանալի նախաձեռնություն իրականություն դարձավ՝ հայ երաժշտական ժառանգության մեծագույն գիտակի, նրա անմահության մաքրագործված և հղկված պատառիկները փրկողի, պարզապես հանճարեղ կոմպոզիտորի՝ Կոմիտասի անմահ երաժշտական ​​ժառանգությունը մեկ համերգում ներկայացնելու։

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ելույթ ունեցավ Կոմիտասի և նրա թողած թանկագին մշակութային ժառանգության մասին։ Նա կարևորեց Ուելսի հասարակության և հայ ժողովուրդների միջև ամուր կապը, համագործակցությունն ու բարեկամությունը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց Քլինգեն Երգչախմբին և Մշակութային ասոցիացիային՝ գլխավորությամբ մաեստրո Սիփան Օլահի և Ուելսի Հայ համայնքային կենտրոնին՝ մեծն Կոմիտասի երաժշտության պրոֆեսիոնալ ներկայացման և ավելի քան 22 ստեղծագործությունների կատարումների համար։

Ուելսի Հայ Համայնքային Կենտրոնի (ACCW) հիմնադիր Ջոն Թորոսյանը հոբելյանական այս բացառիկ միջոցառման համար հատուկ Կոմիտասի անվան շքանշան-մեդալներ հանձնեց մաեստրո Սիփան Օլահին և Նորին Գերազանցություն դեսպան Վարուժան Ներսեսյանին։ Ջոն Թորոսյանը շնորհակալություն հայտնեց KCCA-ին հայ երաժշտությունն ու արվեստը Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում ներկայացնելու և հանրահռչակելու շարունակական և նվիրված աշխատանքի համար։
Mիջոցառման հյուրեր էին Սթիվեն Թոմասը, Հայր Նիկոլասը և Լեյբորիստ պատգամավոր Սթիվեն Դաութին, ինչպես նաև հայ և ուելսցի երաժշտասեր հանդիսատեսը:

Անցյալ ամիս՝ մայիսի 18-ին, Կոմիտասին նվիրված նույն համերգ-ցուցահանդեսը տեղի էր ունեցել Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում: