Սոչիում կանցկացվի հայ կոմպոզիտորական արվեստին նվիրված միջոցառումների շարք - Armenian National Music (anmmedia.am)
Սոչիում կանցկացվի հայ կոմպոզիտորական արվեստին նվիրված միջոցառումների շարք

Հրապարակվել է՝ Հնվ 30 2020, 03:57

Հեղինակ՝ ANM Media
Փետրվարի 17-ին Սոչիում կանցկացվի հայ կոմպոզիտորական արվեստին նվիրված կոնֆերանս,ցուցահանդես և համերգ։ Յուրի Բաշմետի ամենամյա Ջմեռային փառատոնի շրջանակներում մեկ ամբողջ օր կնվիրվի Արամ Խաչատրյանին և հայ կոմպոզիտորական դպրոցին։ Կոնֆերանսը կկազմակերպվի փառատոնի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի կողմից, որին կհաջորդի ցուցահանդես, իսկ երեկոյան տեղի կունենա համերգ՝ Արամ Խաչատրյանի անվան տրիոյի մասնակցությամբ։

«Սա հրաշալի առիթ է Արամ Խաչատրյանի միջոցով ներկայացնել նաև հայ մյուս կոմպոզիտորներին՝ «Հնգյակին» ու Արամ Խաչատրյանի զարմիկին՝ Կարեն Խաչատրյանին։ Ուրախ եմ, որ համաձայնության ենք եկել նաև Արամ Խաչատրյանի թոռնուհու՝ Օլգա Կուզինայի հետ։ Նա մեր թանգարանի երկարամյա բարեկամն է և կներկայացնի Գլինկայի անվան երաժշտական թանգարանը, կժամանեն նաև մասնագետներ Ռուսաստանի Դաշնության այլ քաղաքներից»,- ANM-ի թղթակցի հետ զրույցում նշեց տրիոյի դաշնակահարուհի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի կողմից կմասնակցի երկու աշխատակից, ինչպես նաև Ղ․ Սարյանի դուստրը՝ Սոֆյա Սարյանը։ Նրանք ոչ միայն ելույթ կունենան գիտաժողովի շրջանակներում, այլև տեղում կհամակարգեն ցուցահանդեսի աշխատանքները։ Ցուցահանդեսը կկազմակերպվի թանգարանի կողմից՝ նույն թեմայի շուրջ։ Մուլտիմեդիոն ծրագրերի շնորհիվ կներկայացվեն բազմաթիվ լուսանկարներ, հետաքրքիր պատմություններ, կենսագրական տվյալներ ու հայ կոմպոզիտորական արվեստի ներկայացուցիչների գործունեության մասին տարբեր նյութեր։