· Նորություններ
«Մշակույթը հանուն բնության». COP17-ի մշակութային ծրագիրը
Հոկտեմբերի 19-30-ը Երևանն ընդունում է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), որը երկրի պատմության ամենամեծ միջազգային բնապահպանական իրադարձությունն է։ Բանակցություններից զատ՝ համաժողովն առաջարկում է հարուստ մշակութային ծրագիր, որի առանցքում հայկական երաժշտությունը, պարն ու ծիսական ժառանգությունն են։
Համաժողովը պաշտոնապես բացվել է հոկտեմբերի 18-ին՝ հանդիսավոր արարողությամբ և համերգային ծրագրով։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 16-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Առաջնորդները՝ հանուն բնության» գագաթնաժողովի բացմանը հյուրերին ներկայացվել է բնության պահպանությանը նվիրված ինտերակտիվ շոու։
Կանաչ գոտի (մուտքն ազատ է) — Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գործում է հատուկ մշակութային բեմ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ծրագրի շրջանակում՝
հոկտեմբերի 19-ին և 21-ին «Բարեկամություն» պետական անսամբլը կներկայացնի հայկական պարարվեստը,
հոկտեմբերի 19-ին և 30-ին Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես կգա «Գիրք Ծաղկանց» ներկայացմամբ։
Կապույտ գոտի («Մերիդիան» էքսպո կենտրոն) —
հոկտեմբերի 25-ին կկայանա «Բնություն և մշակույթ» թեմատիկ գագաթնաժողովը,
հոկտեմբերի 26-ին «Լեռների օր»-ի շրջանակում ելույթ կունենա Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը։
Մայրաքաղաքից դուրս — հոկտեմբերի 25-ին Գառնու հեթանոսական տաճարում Ռ. Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը կներկայացնի ազգային ծեսերին նվիրված պարեր, իսկ Սևանում կազմակերպված հյուրընկալության ծրագիրը հյուրերին կծանոթացնի հայկական ազգային կերակրատեսակների պատմությանն ու ծիսական նշանակությանը։
Բացի այդ, ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության կառույցներն ավելի քան 30 միջոցառում են անցկացնում թանգարաններում, գրադարաններում, արգելոց-թանգարաններում և թատերահամերգային կազմակերպություններում։ Երևանի քաղաքապետարանն էլ 2750-ամյակի այգում բացել է քաղաքային կենսաբազմազանության գոտի, որտեղ անցկացվում են համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ և հանրային քննարկումներ։
COP17-ի մշակութային ծրագիրն ունի հստակ ուղերձ՝ բնության պահպանությունը նաև մշակույթի, հիշողության և ինքնության պահպանություն է։
Մանրամասները՝ cop17yerevangreenzone.com