Գրքեր, թվայնացված սկավառակներ․ նվիրատվություն Երևանի կոնսերվատորիային - Armenian National Music (anmmedia.am)
Գրքեր, թվայնացված սկավառակներ․ նվիրատվություն Երևանի կոնսերվատորիային

Հրապարակվել է՝ Մյս 18 2020, 10:55

Հեղինակ՝ ANM Media
«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բարեկամների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, աշխարհագրագետ, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը կոնսերվատորիային է նվիրել գրքեր ու 1635 ձայնասկավառակի պարունակությամբ հիշողության կրիչ: Հավաքածուն ընդգրկում է ազգային երաժշտության օրինակներից մինչև արտասահմանյան կոմպոզիտորական արվեստի ներկայացուցիչների լավագույն ու դասական կատարումներ (օրինակ՝ թվային կրիչի մեջ բեռնված է Յոհանես Բրամսի 44, իսկ Լյուդվիգ վան Բեթհովենի 172 թվայնացված սկավառակ):

Ռուբեն Գալիչյանի խոսքով՝  նա ձայնադարան հավաքելու գործը սկսել է 17 տարեկանից իր ծննդավայրում՝ Պարսկաստանում: Առաջին ձայնապնակները նրա կյանքում պատահական էին հայտնվել. 14 տարեկան էր, երբ ռադիո նորոգող հայրը վերականգնել էր Թավրիզի մի բնակչի գրամոֆոնը: Այդ երաժշտասերն ուներ ձայնապնակների մի քանի ոչ ամբողջական ալբոմ, որոնք նվիրում է ավագ Գալիչյանին: 20 ձայնասկավառակների (78 պտույտ – րոպեում արագությամբ ) մեջ էին Լ. վան Բեթհովենի դաշնամուրային վերջին սոնատները Ալեքսանդր Բրաիլովսկու կատարմամբ, Ա. Դվորժակի 9-րդ սիմֆոնիան և այլն: 16-ամյակի  առթիվ Ռուբենը հայրիկից ստացավ ամենամեծ սպասված նվերը՝ գերմանացի մի ջութակահարի կատարմամբ Կ. Սեն-Սանսի Ռոնդո - Կապրիչոզոյի ձայնագրությունը: Ռուբեն Գալիչյանը հիշում է նաև իր գնած առաջին ձայնասկապնակը՝ Սերգեյ Կուսևիցկու ղեկավարությամբ Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան:

Ռուբեն Գալիչյանը մեր երկրում ամենահարուստ անձնական ձայնադարան ունեցող երաժշտասերներից է, այսօր նրա հավաքածուն պարունակում է 2000-ից ավելի խտասկավառակ: