Անցնել բովանդակությանը

· Դասական

Պոլինա Օսետինսկայան առաջին անգամ ելույթ կունենա Երևանում

Պոլինա Օսետինսկայան առաջին անգամ ելույթ կունենա Երևանում
Աշխարհահռչակ դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Երևանում։ Մենահամերգը բարեգործական է, այն տեղի կունենա ապրիլ 21-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում:

Բացի մենահամերգից դաշնակահարուհին անվճար վարպետության դասեր կտա տաղանդավոր հայ երիտասարդ երաժիշտներին: Օսետինսկայան Հայաստան կայցելի Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամի հրավերով` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ: Համերգի տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Հայաստանի մարզերում դասական երաժշտության բնագավառում խոստումնալից հայ երեխաների կրթական ծրագրերի աջակցությանը:

Երևանյան մենահամերգին Օսետինսկայան կներկայացնի ‹‹Բարոկկո երաժշտությունը՝ հեղինակային ֆիլմում›› ծրագիրը: Կհնչեն Բախի, Հենդելի, Պյորսելի, Ռամոյի և բարոկկո դարաշրջանի այլ հանճարեղ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք հնչել են 20-րդ դարի հեղափոխական ռեժիսորներ Ստենլի Կուբրիկի, Ինգմար Բերգմանի, Անդրեյ Տարկովսկու, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի և Լարս ֆոն Տրիերի կուլտային ֆիլմերում:

‹‹Նրա նվագը պարզապես ՀՐԱՇՔ է, դաշնակահար՝ փայլուն, ազատ տեխնիկայով, հնչյունի վարպետ, նրա հնչյունն այնքան փափուկ ու պայծառ է, կարծես թավիշի վրայով սահող մարգարիտ լինի: Նա կատարելապես տիրապետում է բարոկկո դարաշրջանի երաժշտությանը. հենց սկզբից նա այնպիսի անհավանական տեմպ է վերցնում և պահում մինչև վերջ, որ շնչելու հնարավորություն չի տալիս ոչ իրեն, ոչ հանդիսատեսին, միևնույն ժամանակ, այնքան նրբագեղություն կա նրա նվագի մեջ››,-այսպես են նկարագրում Օսետինսկայային միջազգային մամուլն ու երաժշտաքննադատները:
Դաշնակահարուհուն կարելի է լսել Քարնեգի Հոլում, Վիեննայի Musikverein -ում, Լոնդոնի Barbican համերգասրահում, Հռոմի Teatro Argentina-ում, Ռուսաստանի, Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի ամենամեծ դահլիճներում և փառատոներում: Դաշնակահարը ելույթ է ունեցել MusicAeterna նվագախմբի, Մարիինյան թատրոնի, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ, Սվետլանովի անվան Պետական ակադեմիական սիմֆոնիկ, Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ:

Նրա բեմական գործընկերներից են դիրիժորներ Թեոդոր Կուրենտզիսը, Վլադիմիր Սպիվակովը, Լորան Պետիժերարը, Տուգան Սոխիևը, Ալեքսանդր Սլադկովսկին, Վասիլի Սինայսկին, Անդրեյ Բորեյկոն, Դմիտրի Լիսսը, Գերդ Ալբրեխտը, Յան-Պասկալ Տորտելիեն, Թոմաս Զանդերլինգը։

Օսետինսկայան ձայնագրություններ է արել Sony Music, Naxos, Bel Air, Quartz և ‹‹Մելոդիա›› ձայնագրման ընկերություններում:

Պոլինա Օսետինսկայան մեծ աղմուկ բարձրացրած «Մնաս բարով, տխրություն» բեսթսելլերի հեղինակն է, որը լույս է տեսել 2008թ.-ին և վերահրատարակվել՝ 2022 թ.-ին։

Ավելացնենք նաև, որ Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամը գործում է Հայաստանում 2021թ.-ից և ուղղված է հայ մշակույթի ու արտիստների միջազգային ինտեգրմանը, հայ երիտասարդ երաժիշտների բացահայտմանն ու աջակցմանը, կրթական ծրագրերի միջոցով կատարաղական արվեստի և արվեստի մենեջմենտի զարգացմանը: