Անցնել բովանդակությանը

· Դասական

«Սոմա. Կրակե օղակ» օպերան կնվիրվի Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին

«Սոմա. Կրակե օղակ» օպերան կնվիրվի Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին
Ապրիլի 14-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ավետ Տերտերյանի «Սոմա. Կրակե օղակ» երկու գործողությամբ օպերային ներկայացման պրեմիերան, որը նվիրվում է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:

Ներկայացման բեմադրող ռեժիսորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանը, բեմադրող նկարիչը Ռաֆայել Խաչատրյանը: Ներկայացման հագուստների հեղինակն է Ռուբինէ Հովհաննիսյանը: Ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը Կարեն Դուրգարյանն է: Մենակատարներ՝ Սիլվա Պետրոսյան, Լուսինե Մակարյան, Ֆերդինանդ Մուրադյան, Սարգիս Բաժբեուկ-Մելիքյան։

Ավետ Տերտերյանը ստեղծել է 2 օպերա։ Իր առաջին օպերայում՝ «Կրակե օղակում» նա «շեղվեց» ազգային արվեստում օպերային ավանդական ձևի մասին կայունացած պատկերացումից՝ կարողանալով կերտել իր սեփական ոճը, ժամանակակից մտածողությանը հատուկ հարմոնիկ միջոցները, օրատորիայի ոճին բնորոշ շարադրանք։ «Կրակե օղակում» օպերայի լիբրետոյի հեղինակ Վ. Շահնազարյանը Բ. Լավրենևի «Քառասունմեկերորդի» սյուժետային գիծը յուրովի կապեց Ե. Չարենցի «Ամբոխները խելագարված» և «Սոմա» պոեմների առանձին հատվածների հետ։ Նման միահյուսումն առանձին երանգ հաղորդեց լիբրետոյին։ Օպերայում երգչախումբը հանդես է գալիս մեկնաբանի, կարեկցողի, համակրողի, խորհրդատուի դիրքերից, նպաստում է սյուժեի լարված ընթացքին։


«Սոմա. Կրակե օղակ» օպերան կնվիրվի Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին · Armenian National Music