«Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ»-ը բացահայտեց բազմաթիվ մենակատարների - Armenian National Music (anmmedia.am)
«Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ»-ը բացահայտեց բազմաթիվ մենակատարների

Հրապարակվել է՝ Հլս 16 2020, 19:17

Հեղինակ՝ ANM Media
Հուլիսի 17-ին, ժամը 20:00-ին «Ուրբաթօրյա ֆիլհարմոնիկի» շրջանակներում կներկայացվի  Ֆրանսիս Պուլենկի դաշնամուրի և փողայինների համար գրված սեքստետը։ 

Առցանց համերգին մասնակցում են Արթուր Ավանեսովը (դաշնամուր), Նարեկ Ավագյանը (ֆլեյտա), Հովհաննես Պապիկյանը (հոբոյ), Արսեն Գրիգորյանը (կլարնետ), Շմավոն Գրիգորյանը (ֆագոտ), Արշավիր Իսահակյանը (գալարափող)։ 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը
ANM-ի հետ զրույցում նշեց, որ կամերային կազմով առցանց համերգների շնորհիվ որոշ երաժիշտների մեջ բացահայտեցին մենակատարներ: «Պրոֆեսիոնալ էլ կա, պրոֆեսիոնալ էլ։ Մեր նվագախմբում ես գիտեի, թե ինչ երաժիշտներ ունենք, բայց կամերային կազմերով ելույթ ունեցող արտիստները ինձ համար մեծ բացահայտում էին: Ամբողջ նվագախմբից չես կարող պահանջել, որպեսզի մենակատար լինեն, որովհետև կարող են նվագախմբային հրաշալի  երաժիշտ լինել, բայց մենակատար չեն»։ Նրա խոսքով՝ ձայնագրությունից ձայնագրություն երաժիշտները էլ ավելի են փայլում իրենց տաղանդով: 

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները սկսած մայիսի 29-ից, ներկայանում են «Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» առցանց համերգաշարով: 

Երեքից ութ հոգանոց կամերային կազմերով երաժիշտները ներկայացնում ենդասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, հակիրճ պատմում հնչող գործերի ու կոմպոզիտորների մասին: