· News
Գյուրջիև և հայ միջնադարյան հոգևոր և ծիսական երաժշտություն
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 4-ին կայացել է «Գյուրջիև և հայ միջնադարյան հոգևոր և ծիսական երաժշտություն» խորագրով համերգը՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Գյուրջիև անսամբլի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից։
Համերգային ծրագիրը միավորել է հայազգի մտավորական, հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր և փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի երաժշտական ժառանգությունը, հայ միջնադարյան հոգևոր երգարվեստն ու հայկական ավանդական ծիսական երաժշտության նմուշները։
Համերգը ղեկավարել է Գյուրջիև անսամբլի գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանը, ով նաև ծրագրում ներկայացված ստեղծագործությունների գործիքավորումների հեղինակն է։
Համերգի մեկնարկին Լևոն Էսկենյանը խոսել է Գյուրջիևի կյանքի և ստեղծագործական ուղու այն դրվագների մասին, որոնք առնչվում են հայկական երաժշտական մշակույթին։ Իր խոսքում նա անդրադարձել է նաև ծրագրի գաղափարական հենքին ու ստեղծագործական առանձնահատկություններին։
Երեկոյի ընթացքում Գյուրջիևի ստեղծագործություններից հնչել են «Պիթիա», «Քրիստոսի հարությունը», «Ընթերցում մի սրբազան գրքից», «Օրհներգ մի մեծ տաճարից» և այլ գործեր։
Հայ միջնադարյան հոգևոր երաժշտությունը ներկայացվել է Խաչատուր Տարոնեցու, Գրիգոր Պահլավունու և Սբ. Ներսես Շնորհալու ստեղծագործություններով՝ Կոմիտասի և Մակար Եկմալյանի մշակումներով։ Ծրագրում ներառվել են «Խորհուրդ խորին», «Ով զարմանալի», «Առաւօտ լուսոյ», «Ամէն, Հայր Սուրբ» և հոգևոր երգարվեստի այլ նմուշներ։
Ներկայացվել են նաև հայկական ավանդական երաժշտության գործեր՝ «Սահարի» (Արևագալի), Մուսա Լեռան ավանդական «Չալմը դանգը» պարեղանակը և «Գորանի – Թամզարա» ստեղծագործությունը։