Անցնել բովանդակությանը

· Դասական

Երկու մեծանուն երաժիշտները կհանդիպեն երևանյան բեմում

Երկու մեծանուն երաժիշտները կհանդիպեն երևանյան բեմում
Նոյեմբերի 17-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենան երկու լեգենդար երաժիշտներ՝ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը և դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևը։ Նրանք հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան): Երևանյան համերգին կհնչի Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը և Սիմֆոնիա թիվ 5-ը:

Երաժշտագետները հաճախ են նշում, որ Միխայիլ Պլետնյովը ոչ միայն փայլուն դաշնակահար է և հրաշալի դիրիժոր, այլև հիանալի կոմպոզիտոր, առհասարակ մի այնպիսի արվեստագետ, որը չի ենթարկվում ավանդական դասակարգումների: Նա բազմաթիվ հեղինակավոր մրցույթների՝ այդ թվում Չայկովսկու անվան միջազգային մրցույթի և «Գրեմմի»-ի գլխավոր մրցանակակիր է, ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում և ամենահայտնի նվագախմբերի հետ: Երաժշտաքննադատները նրան համարում են «կատարողական արվեստի մեջ մրցակցությունից դուրս» դաշնակահար: BBC-ի երաժշտական մեկնաբաններից մեկը գրում է, որ միայն Սկարլատիի դաշնամուրային սոնատի կատարումը նրան դասում է աշխարհի մեծագույն դաշնակահարների թվին:

Դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, Պ.Ի.Չայկովսկու անվան պետական ակադեմիական մեծ սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը (1974 թ.-ից), եղել է նաև Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը (1997–2006 թթ.), Ցյուրիխի օպերայի մշտական հրավիրյալ դիրիժորը (1997 թ.-ից), Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին հրավիրյալ դիրիժորը (2000 թ-ից), Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ (Մյունխեն), Ֆրանսիայի ռադիոյի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերի (Փարիզ) հրավիրյալ դիրիժորը:

Համերգը տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և “Primavera Foundation”-ի համագործակցությամբ:

Երկու մեծանուն երաժիշտները կհանդիպեն երևանյան բեմում · Armenian National Music