Անցնել բովանդակությանը

· Նորություններ

Եվրոպայի ծանրամարտի բացման արարողության առաջնության երաժշտության հիմքում հայոց պատմությունն է

Եվրոպայի ծանրամարտի բացման արարողության առաջնության երաժշտության հիմքում հայոց պատմությունն է
Կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական պրոդյուսեր Անդրանիկ Բերբերյանը, որը հեղինակել է Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողության երաժշտությունը, մեծ պատասխատվությամբ է մոտեցել երկրի համար կարևորագույն միջոցառման համար նման ծավալուն աշխատանք կատարելուն։ Բերբերյանը, որը «Սողոմոնի երգեր», «Կաֆկայի երազը», «Ամերիկացի», «Ավրորայի լուսաբացը» և շուրջ 30 այլ ֆիլմերի երաժշտության հեղինակ է, կարճ ժամանակում կարողացել է ստեղծել այնպիսի երաժշտություն, որի հիմքում է եղել հայի պատմությունը։

«Անսահման հպարտ ու երջանիկ եմ, որ նման մեծածավալ նախագծի մասն եմ կազմել և աշխատել եմ ռեժիսոր Նաիրե Ստեփանյանի հետ։ Ստեղծել եմ մոտավորապես 45 րոպե տևողությամբ շոուի երաժշտություն, ներառյալ՝ Եվրոպայի ծանրամարտի առաջնության այս տարվա պաշտոնական հիմնը, որն ամբողջությամբ ստեղծվել է Berberyan Production Studios-ում։ Ի դեպ, ստուդիան է արել ամբողջ արարողության հնչունային հետարտադրական աշխատանքները՝ հանձինս Տիգրան Կուզիկյանի և մի ամբողջ թիմի։ Ինչ վերաբերում է իմ երաժշտությանը, ապա պետք է ասեմ, որ երաժշտության հիմքում հայոց պատմությունն էր՝ մեր երկրի կազմավորումից մինչև արդի ժամանակներ։ Մտովի անցել եմ տարբեր ժամանակաշրջաններով, ոգեշնչվել մեր պատմական անցքերով ու հերոսական դրվագներով, որպեսզի ստեղծեմ տպավորիչ և միջոցառմանը հարիր երաժշտություն: Հուսով եմ, որ թե՛ երաժշտությունը, թե՛ հիմնը կօգնեն մեր մարզիկներին, կոգեշնչեն նրանց, որպեսզի նրանք հասնեն բարձունքների։ Նաև նշեմ, որ այս ամենի կիզակետում է գտնվում Background Production -ը՝ ի դեմս գլխավոր կազմակերպիչ և պրոդյուսեր Վազգեն Պողոսյանի, ում շնորհիվ այս ամենը իրական դարձավ»,-նշում է Անդրանիկ Բերբերյանը։ Նրա խոսքով՝ ուրախ է, որ թե՛ հայ, թե՛ միջազգային հանդիսատեսն անտարբեր չի մնացել այս գործից․այն հնարավոր եղավ առաջին անգամ ունկնդրել ապրիլի 14-ի բացման արարողության ընթացքում։ Արարողության երաժշտությունը Բերբերյանը հետագայում նախատեսում է ներկայացնել իր սոցիալական հարթակներում։
Ինչ վերաբերում է հիմնին, ապա այն հեղինակել և գործիքավորել է հենց Բերբերյանը, խոսքերը՝ Գրիգոր Կյոկչյանի։ «Դեպի բարձունք» հիմնը միջոցառմանը կատարեց Արամ Mp3-ը, երգի տեսահոլովակի պրեմիերան տեղի ունեցավ ապրիլի 15-ին։ Երգը հասցրել է սիրվել հանդիսատեսի շրջանում։

Անդրանիկ Բերբերյանն առաջին անգամ չէ երաժշտություն հեղինակում մասշտաբային նախագծի համար․ 2021 թվականին նա գրել է ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման երգը, իսկ 2022 թվականին՝ Դուբայի էքսպոյի Հայաստանի մասնակցության վիզուալացված նյութի երաժշտությունը։

Հիշեցնենք, որ Երևանը հյուրընկալում է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այն անցկացվում է ապրիլի 15-23-ը։