Անցնել բովանդակությանը

· Դասական

Naxos-ը թողարկել է Մակար Եկմալյանի ստեղծագործությունների ձայնասկավառակը

Naxos-ը թողարկել է Մակար Եկմալյանի ստեղծագործությունների ձայնասկավառակը
Հանրահայտ Naxos ընկերության Grand Piano շարքը համալրվել է ևս մեկ ձայնասկավառակով։ Այս անգամ ձայնագրվել է Մակար Եկմալյանի երաժշտությունը՝ դաշնակահար, կոմպոզիտոր Միքայել Հայրապետյանի կատարմամբ։ Սկավառակը թողարկվել է Հայրապետյանի Secrets of Armenia նախագծի շրջանակներում և նպատակ ունի աշխարհով մեկ տարածելու հայկական դաշնամուրային երաժշտությունը։

Ընդհանուր առմամբ Միքայել Հայրապետյանը թողարկել է մեկ տասնյակից ավելի ձայնասկավառակներ՝ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով (Կոմիտաս, Արմեն Տիգրանյան, Ալեքսանդր Սպենդիարյան, Հարո Ստեփանյան, Էդուարդ Բաղդասարյան և այլոք): 1 ժամ 15 րոպե տևողությամբ սկավառակում ընդգրկված ստեղծագործությունները բաժանված են մի քանի խմբի․ Եկմալյանի ստեղծագործություները, ժողովրդական երգերի և մեղեդիների մշակումներ և հոգևոր երաժշտություն։ Ամենահետաքրքիրը, թերևս, հենց Եկմալյանի 1895 թ․ գրված Պատարագից հատվածներն են՝ որոնք դաշնամուրի համար փոխադրել է հենց ինքը՝ Հայրապետյանը։

Ինչպես նշված է Naxos-ի կայքում՝ ձայնագրությունների համար դաշնակահարն օգտվել է Եկմալյանի ձեռագիր նոտաներից։