Անցնել բովանդակությանը

· Դասական

«Քարե երազաներ»՝ ըստ Միհրան Թումաճանի գրառումների

«Քարե երազաներ»՝ ըստ Միհրան Թումաճանի գրառումների
Հոկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կներկայացվի ամերիկահայ կոմպոզիտոր Ժոզեֆ Պոհիկեանի «Քարե երազաներ» ինտերակտիվ հնչյունային ինստալյացիա։ 

Ինչպե՞ս է պահպանվում հիշողությունը, երբ հիշողության ֆիզիկական տեղային բջիջները ոչնչացված են։ Երբ կոլեկտիվ հիշողությունը առանձնացվել է որևէ վայրից, ինչպե՞ս կարող է այն վերարտադրվել նոր համատեքստում։ Սույն հնչյունային ինստալյացիայում քարն է գործածվում որպես գործիք՝ Միհրան Թումաճանի՝ 1930-ականներին ԱՄՆ-ում գրառած հայկական ժողովրդական չորս երգի ներկայացման համար։ Հիշելու գործողությունը մեկ դար պարտադրված մոռացության նկատմամբ ակտիվ արձագանք է:

Ծրագիրը ներառում է բանահավաք Միհրան Թումաճանի գրառած չորս ժողովրդական երգերի ձայնագրություններ, որոնք հետցեղասպանական ժամանակաշրջանում հայկական գաղթօջախներում նրա ջանքով պահպանված բանավոր գրականության փրկված մնացորդներն են։ Դրանք են՝ «Օրիմ, օրիմ» (գրառված Նյու-Յորքում, 1930-35 թթ.), կատարող՝ Հասմիկ Հարությունյան, «Էս գիշեր համբարձում է» (գրառված Նյու-Յորքում, 1930-35 թթ.), կատարող՝ Կորյուն Դավթյան, «Նեննի ըսիմ քնցնիմ» (գրառված Նյու-Յորքում, 1930-35 թթ.), կատարող՝ Անուշ Ստեփանյան և «Էսօր տոն է Սուրբ Ծննդյան» (գրառված Բոստոնում, 1936թ.), կատարող՝ Անուշ Հարությունյան։