Անցնել բովանդակությանը

· Դասական

Կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանը 25 տարի անց կրկին Հայաստանում է

Կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանը 25 տարի անց կրկին Հայաստանում է
Մոտ քսանհինգ տարվա դադարից հետո աշխարհահռչակ կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանը կրկին այցելել է Հայաստան և կրկին հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան), մենակատար՝ հանրահայտ ջութակահար Ռոբերտ Մքդաֆի (ԱՄՆ):

Համերգները տեղի կունենան Երևանում` հունիսի 17-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում և Գյումրիում` հունիսի 18-ին, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Ծրագրում կհնչի սիմֆոնիկ երկացանկի ամենագեղեցիկ և նշանակալից ստեղծագործություններից՝ Դվորժակի 9-րդ («Նոր աշխարհից») սիմֆոնիան և Բրամսի Ջութակի կոնցերտը:

«Մենք միմյանց ճանաչում ենք Ջուլիարդի դպրոցից 1976 թվականից, և մեր ընտանիքները շատ մտերիմ էին: Եվ մենք 20 անգամ եղել ենք բեմում, ներառյալ ամերիկացի կոմպոզիտոր Ֆիլիպ Գլասի «Տարվա եղանակների» համաշխարհային պրեմիերան»,- Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ունջյանը։

Դիրիժորն արդեն հասցրել է արդեն փորձ է ունեցել Հայաստանի նվագախմբի հետ և, ինչպես ինքն ասաց, տպավորված է։ «Հոյակապ նվագախումբ է։ 25 տարի առաջ եմ ղեկավարել նվագախումբը: Այն առատաձեռն է և սիրով է երաժշտություն նվիրում հանդիսատեսին: Մեծ հպարտություն եմ զգում՝ տեսնելով, որ այս նվագախումբն ունի բարձր մակարդակ»։

Համերգի առաջին մասում ջութակահար Ռոբերտ ՄքԴաֆին նվագախմբի հետ կկատարի Բրամսի ջութակի կոնցերտը և, ինչպես նա ասաց լրագրողներին, հետաքրքիր փորձ ունի այս ստեղծագործության կատարման հետ կապված. «Անձամբ ինձ համար դա կարևոր ստեղծագործություն է. 40 տարի առաջ մի քանի անգամ նվագել եմ, սակայն՝ անհաջող, ուստի ես որոշեցի այն դնել դարակում և կենտրոնացա այլ երաժշտության վրա: Կարծում եմ՝ ինտելեկտուալ առումով պատրաստ չէի։ Հիմա ես կարծում եմ, որ ժամանակն է նվագելու Բրամս իմ սիրելի ընկերոջ հետ։ Փիթերի հետ Բրամսի Ջութակի կոնցերտի գաղտնիքները բացահայտեցի: Փորձերը լավ են ընթացել և  հետաքրքիր երկխոսություն է ստացվել»: Խոսելով իր երգացանկի մասին՝ ՄկԴաֆին ընդգծեց, որ այժմ նախընտրում է նվագել ամերիկացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Իմ կյանքը փոխվեց, երբ Սամուել Բարբերի համար կատարեցի իր  կոնցերտը։ Այդ օրվանից իմ առաքելությունը դարձավ հնարավորինս շատ ամերիկյան հեղինակների ստեղծագործություններ նվագել․ Ջոն Ադամս, Ուիլյամ Շուման, Ֆիլիպ Գլաս»:

Ունջյանն ասում է, որ Բրամսի կոնցերտն այն ստեղծագործությունն է, որը նրանք ցանկանում էին միասին կատարել, և դա ոչ միայն ջութակի կոնցերտների մեջ, այլ առհասարակ երբևէ ստեղծված մեծագույն ստեղծագործություներից մեկն է։ Խոսելով Դվորժակի լեգենդար 9-րդ սիմֆոնիայի մասին, նա նշշեց, որ   ցանկացավ կատարել այնպիսի ստեղծագործություն, որը կսիրվի բոլորի կողմից: «Երկրորդ պատճառը, որ ես 1975 թվականից Նյու Յորքում ապրող հայ եմ, իսկ Դվորժակի 9-րդ սիմֆոնիան գրվել է 1892 թվականին Նյու Յորքի 17-րդ փողոցում, և դա նրա նոր կյանքի ազդարարումն էր, որն ինձ հոգեհարազատ է։ Ի վերջո, դա շատ հայտնի ստեղծագործություն է և աներևակայելի ֆանտաստիկ բոլոր առումներով, այդ թվում՝ ինտելեկտուալ: Դա ֆանտաստիկ, հարուստ և հուզիչ երաժշտություն է»:
Կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանը 25 տարի անց կրկին Հայաստանում է · Armenian National Music