Անցնել բովանդակությանը

· Դասական

Պլասիդո Դոմինգոն Երևանում է

Պլասիդո Դոմինգոն Երևանում է

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համաշխարհային տենոր, օպերային արտիստ Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված գալա համերգ: Այն տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Համերգի հատուկ հյուրն է Գեղամ Գրիգորյանի վաղեմի ընկեր, բեմական գործընկեր, իսպանացի օպերային երգիչ (տենոր), դաշնակահար, դիրիժոր Պլասիդո Դոմինգոն: Պլասիդո Դոմինգոյի հետ նույն բեմում հանդես կգա Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ Հասմիկ Գրիգորյանը՝ մեր օրերի ամենաճանաչված օպերային երգչուհիներից մեկը։ Երեկոյի երաժշտական ղեկավարն ու դիրիժորը Գեղամ Գրիգորյանի ավագ որդին է՝ Վարդան Գրիգորյանը։

«Այս օրերին, երբ Երևանը դառնում է համաշխարհային մայրաքաղաք՝ հյուրընկալելով նաև COP17 համաժողովը, կարծում եմ՝ Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված այս հրաշալի համերգը, որը միավորել է օպերային արվեստի կարևորագույն ներկայացուցիչներին, մեր մայրաքաղաքը դարձնում է համաշխարհային դասական երաժշտության կենտրոն նաև Երևան ժամանող հյուրերի համար»,-մամուլի ասուլիսի -ամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Համաշխարհային աստղ, տենոր Պլասիդո Դոմինգոն իր հերթին նշել է, որ բարի հիշողություններ ունի՝ կապված Գեղամ Գրիգորյանի հետ. «Գեղամ Գրիգորյանը հրաշալի ձայն ուներ: Հատկապես հիշում եմ նրա կատարումները Մետրոպոլիտեն օպերայում, Լա Սկալայում և այլուր: Դրանք տպավորիչ ելույթներ էին»:

Ներկաներին ողջունել և ԿԳՄՍ նախարարությանն ու Օպերային թատրոնին միջոցառման նախաձեռնության համար շնորհակալություն է հայտնել Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ Հասմիկ Գրիգորյանը. «Սա պարզապես համերգ չէ. այն մեր ընտանիքի պատմությունն է, որը ներկայացվելու է Օպերայի բեմից: Ամենակարևորը, որ հայրս սովորեցրել է, հետևյալն է՝ երաժշտությունը կարևոր է, սիրել գործը, որով զբաղվում ես, ևս կարևոր է, բայց ամենակարևորը՝ լավ մարդ լինելն է»,- ասել է Հասմիկ Գրիգորյանը:

Շնորհակալական խոսքով հանդես է եկել նաև Գեղամ Գրիոգորյանի որդին՝ համերգի երաժշտական ղեկավար և դիրիժոր Վարդան Գրիգորյանը: Նա պատմել է Գեղամ Գրիգորյանի մասին հուշեր՝ ընդգծելով, որ նա բեմում և ընտանիքում տարբեր մարդ էր:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը հուշամեդալներ է հանձնել Պլասիդո Դոմինգոյին և Հասմիկ Գրիգորյանին՝ ի նշանավորումն Գեղամ Գրիգորյանի 75-ամյակի նրանց բացառիկ ներկայության:

Համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 16-ին։