Անցնել բովանդակությանը

· Դասական

«Երջանիկ եմ ձեր գեղեցիկ երկիր վերադառնալու և ձեզ համար երգելու յուրահատուկ հնարավորության համար»․ Պլասիդո Դոմինգո

«Երջանիկ եմ ձեր գեղեցիկ երկիր վերադառնալու և ձեզ համար երգելու յուրահատուկ հնարավորության համար»․ Պլասիդո Դոմինգո
Օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոն, հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուար Թոփչյանի ղեկավարությամբ:

Ամենահեղինակավոր փառատոներից մեկում՝ Արենա դի Վերոնայում, Սարսուելային նվիրված գալա-համերգից հետո Դոմինգոն հանդես կգա Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ հոկտեմբերի 8-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի գլխավոր աջակցությամբ։

Այս երեկոյի ընթացքում Դոմինգոյի կողքին հանդես կգա սոպրանո, Operalia 2022 համաշխարհային մրցույթի (Operalia 2022 World Opera Competition) առաջին մրցանակակիր Ջուլիանա Գրիգորյանը:

Համերգին կհնչեն արիաներ, դուետներ և նախերգանքներ հայտնի օպերաներից, սարսուելաներից, ինչպես նաև սիրված համաշխարհային մեղեդիներ:

«Հայաստանում բնակվող իմ սիրելի ընկերներ, երջանիկ եմ ձեր գեղեցիկ երկիր վերադառնալու և ձեզ համար երգելու յուրահատուկ հնարավորության համար: Այս անգամ հանդես եմ գալու Ջուլիանա Գրիգորյանի՝ հայազգի լավագույն երգչուհիներից մեկի հետ: Անհամբեր սպասում եմ բոլորիդ այս գեղեցիկ երեկոյին, որտեղ կրկին միասին կվայելենք հրաշալի երաժշտություն՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Կհանդիպենք շուտով՝ Երևանում»,- իր ուղերձում նշել է Պլասիդո Դոմինգոն:

Էդուարդ Թոփչյանը նշում է, որ նման մեծության աստղի մասնակցությունը Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնին նշանակալի իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև միջազգային երաժշտական հանրության համար: Նա վստահեցնում է, որ համերգն իր վրա է սևեռել հանդիսատեսի ուշադրությունը աշխարհի տարբեր կետերից: Այդ օրն իսկական միջազգային մշակութային հրավառություն է սպասվում:

Սա Պլասիդո Դոմինգոյի երկրորդ այցելությունն է Հայաստան: Առաջին անգամ նա համերգով հանդես է եկել 2010թ.-ի դեկտեմբերի 3-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Համերգը կրկին ղեկավարում էր Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: