Կյանքից հեռացել է լեհ ականավոր կոմպոզիտոր և դիրիժոր, հայ ազգի մեծ բարեկամ Քշիշտոֆ Պենդերեցկին: Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933-ի նոյեմբերի 23-ին, Լեհաստանի Դենբիցա քաղաքում։ Նրա տատը հայուհի էր, որը նրան մանկության տարիներին հաճախ տարել է հայկական եկեղեցի՝ պատարագի։ Կոմպոզիցիա է ուսանել Կրակովի կոնսերվատորիայում՝ Արթուր Մալավսկու և Ստանիսլավ Վիեխովիչի մոտ, ուսումն ավարտել է 1958 թ.։ Այնուհետև նշանակվել է նույն կոնսերվատորիայի դասախոս։ 1966–1968 թթ. Պենդերեցկին դասավանդել է Էսսենի (Գերմանիա) երաժշտական բարձրագույն դպրոցում։ 1968-ին դրամաշնորհ է ստացել Գերմանական ակադեմիական փոխանակման կազմակերպությունից։1972 թ. նշանակվել է Կրակովի կոնսերվատորիայի ռեկտոր։ 1995 և 1996 թթ. նա արժանացել է հեռուստատեսության ակադեմիայի արվեստի և գիտության Էմմի մրցանակին։ Պենդերեցկու կյանքի և ստեղծագործության մասին նկարահանվել են բազմաթիվ վավերագրական կինոնկարներ։ 2009 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով, իսկ 2013 թ. նոյեմբերի 22-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: