Արամ Խաչատրյան համերգասրահում դեկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ աշխարհահռչակ դաշնակահարուհի Խատիա Բունիաթիշվիլին։ Նրանք նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ունկնդրի դատին հանձնեցին Սերգեյ Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրի կոնցերտը ։ «Շատ էի ցանկանում մեծակտավ գործով ելույթ ունենալ Հայասանում, որովհետև Հայաստանում կամերային ժանրում եմ ելույթ ունեցել: Այդ ժամանակ շատ երիտասարդ էի, նվագեցի ընդամենը մեկ ստեղծագործություն: Ուրախ եմ, որ վերադարձել եմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բունիաթիշվիլին: Խոսելով հայ ունկնդրի մասին, Բունիաթիշվիլին նաև նշեց, որ շատ զարմացած է հայ ունկնդրից, որովհետև լինելով էմոցիոնալ ազգ, նրանք շատ լուռ էին լսում համերգը. «Դա նշանակում է, որ շատ ուշադիր են: Հայաստանն իմ սրտին շատ մոտ երկիր է, քանի որ իմ հայրենի Վրաստանի հարևանն է»,- եզրափակեց դաշնակահարուհին: Ելույթի վերջում նա բիսի ընթացքում կատարեց Կոմիտասի «Շուշիկի» ստեղծագործությունը` «Յոթ պարերից»։ Հիշեցնենք, որ Խատիա Բունիաթիշվիլու համերգն իրականություն դարձավ ՀԱՖՆ-ի և «Ավետիս» հայ-շվեյցարական ասոցիացիայի համատեղ ջանքերով։ Լուսանկարը՝ Դավիթ Ջոթյանի/ՀԱՖՆ