Անցնել բովանդակությանը

· Դասական

«Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» փառատոնի բացման համերգը՝ մայիսի 24-ին

«Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» փառատոնի բացման համերգը՝ մայիսի 24-ին
Մայիսի 24-ին` ժամը 19։30-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» փառատոնի բացման համերգը, որին ելույթ կունենա փառատոնի ռեզիդենտ «Ասոնանս» անսամբլը՝ Հայաստանում ժամանակակից ակադեմիական երաժշտության միակ անսամբլը (երաժիշտներ՝ Նարեկ Ավագյան (ֆլեյտա), Արսեն Գրիգորյան (կլառնետ), Իվետա Կորկինա (ջութակ), Թերեզա Նաչարյան (ջութակ), Միքայել Նավասարդյան (թավջութակ), Անահիտ Դիլբարյան (դաշնամուր), Գայանե Ասլանյան (դաշնամուր))։

Համերգային ծրագրում ընդգրկված են 6 երկրներից (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Լիտվա, Լատվիա, Էստոնիա) ընտրված երիտասարդ կոմպոզիտորների նոր գործեր: Մինչև համերգը նրանք մասնակցել են փառատոնի երիտասարդ կոմպոզիտորների ակադեմիային, որն անցկացվել է Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը։ Ակադեմիայի ընթացքում նրանք մասնակցել են սեմինարների, կատարելագործել արագ ստեղծագործելու իրենց հմտությունները և վարպետաց դասերի մասնակցել կոմպոզիտորներ Արամ Հովհաննիսյանի, Ռուբեն Անտոնյանի և Սերգեյ Ումրոյանի մոտ։

Փառատոնն այս տարի նշում է իր 9-ամյակը։ Այն անցկացվում է հեղինակավոր «Ernst von Siemens» երաժշտական հիմնադրամի ֆինանսավորմամբ (արդեն 2-րդ տարին անընդմեջ): Սա առաջին նախաձեռնությունն է, որին հիմնադրամը աջակցել է Հայաստանում։