Yerevan Jazz Fest-ը գնում է Տավուշ - Armenian National Music (anmmedia.am)
Yerevan Jazz Fest-ը գնում է Տավուշ

Հրապարակվել է՝ Սպտ 08 2020, 13:08

Հեղինակ՝ ANM Media
Ամենամյա Yerevan Jazz Fest միջազգային փառատոնն այս տարի կմեկնարկի Տավուշի մարզում։ Ջազի հայկական ասոցիացիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, սեպտեմբերի 13-ին, ժամը 15։00-ից մինչև ուշ գիշեր Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում իսկական տոն կնվիրի ջազի սիրահարներին։ «Թիկունքը՝ մշակույթ. անսահման ջազ սահմանում» խորագրի ներքո անցկացվող բացօթյա միջոցառմանը հանդես կգան Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունց), Վահագն Հայրապետյան Տրիոն, MVF Band-ը, The Birds Band-ը, The Rafael Petrossian Quintet-ը, Dialog music project-ը, Կարեն Գրիգորյան Տրիո, Davit Melkonyan Group-ի Personal Opinion project-ը և Samvel Gasparyan Electric Trio։ Մասնակիցները ինքնատիպ ջազային տրամադրություն կնվիրեն սահմանաբնակ հանդիսատեսին և Երևանից ու այլ վայրերից ժամանած հյուրերին։ Միջոցառման մուտքն ազատ է։ 

Իրադարձության ընթացքում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր սահմանված կանոնները։

Yerevan Jazz Fest միջազգային փառատոնն անցկացվում է արդեն 6-րդ տարին։ Փառատոնի շրջանակում ամեն տարի իրականացվում են  տարաբնույթ համերգներ՝ արտերկրից Հայաստան ժամանած հայտնի արտիստների և տեղի ճանաչում վայելող կոլեկտիվների մասնակցությամբ: Փառատոնը մի քանի օր շարունակ իսկական տոն կպարգևի  երաժշտասեր հասարակությանը։