Անցնել բովանդակությանը

· Դասական

Երևանյան 15-րդ միջազգային փառատոնը կեզրափակվի Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես»-ով

Երևանյան 15-րդ միջազգային փառատոնը կեզրափակվի Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես»-ով
Հայաստանում հազվադեպ հնչող Ջուզեպպե Վերդիի բուռն և դրամատիկ «Պարահանդես-դիմակահանդես» օպերան կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Օպերայի համերգային կատարումը տեղի կունենա Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, նոյեմբերի 3-ին, ժամը՝ 19:00-ին, ‹‹Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Գլխավոր դերերով հանդես կգան հրավիրյալ օպերային մեներգիչներ՝ Մարսելո Պուենտե (տենոր), Բոգդան Բաչու (բարիտոն), Եվգենիա Մուրավյովա (սոպրանո), Յուլիա Մեննիբաևա (մեցցո-սոպրանո), Оլգա Պուդովա (սոպրանո), մնացյալ դերերի դերակատարներն են՝ Աշոտ Ղանթարջյան (բաս), Հովհաննես Ներսեսյան (բաս), Հայկ Տիգրանյան (բաս), Արամո Մամիկոնյան (տենոր), Ալեն Մանուկյան (տենոր):

Օպերայի կատարմանը մասնակցում են Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) և Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան):
«Պարահանդես-դիմակահանդես» օպերայի դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը, ով Մոսկվայի Բոլշոյ թատրոնում քանիցս ղեկավարել է այն՝ հայտնի օպերային ռեժիսոր Դավիթ Լիվերմուրի շքեղ բեմադրությամբ, և մեծ փափագով սպասում է օպերան ներկայացնել հայրենիքում: Թոփչյանը Բոլշոյ թատրոնում պարբերաբար ղեկավարում է նաև Պուչչինիի ‹‹Տոսկա» և Վերդիի ‹‹Լուիզա Միլլեր» օպերաները:

Վառ մեղեդիներով հարուստ, դրամատիկ ու հոգեբանական ճշմարտացիությամբ աչքի ընկնող «Պարահանդես-դիմակահանդես» օպերան Վերդիի ժառանգության գագաթնակետերից է: Հոգեբանական կոնֆլիկտները, զգացմունքների պայքարը (Ամելիայի, Ռենատոյի և Ռիկկարդոյի միջև) արտահայտված են շեքսպիրյան ոգու հզորությամբ: Գործողությունները լի են սուր կոնտրաստներով՝ մռայլ տեսարաններին փոխարինում են ուրախ տեսարանները, իսկ դրամատիկ հանգուցալուծումը՝ կոմս Ռիկկարդոյի սպանությունը, տեղի է ունենում պարահանդեսի ֆոնին: Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1859թ.-ի փետրվարի 17-ին, Հռոմի «Ապոլլո» թատրոնում: