Անցնել բովանդակությանը

· Ջազ

Վահագն Հայրապետյան տրիոն ներկայացնում է նոր մարզային համերգաշար

Վահագն Հայրապետյան տրիոն ներկայացնում է նոր մարզային համերգաշար
Ջազմեն, դաշնակահար, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը և Arm.Strong Production ընկերությունը օգոստոսի 1-3-ը ներկայացնում են «Մարզային JAZZաֆիկացիա» նախագիծը։ Այն իրականանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝  «Թիկունքը մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակներում։ Օգոստոսի 1-ին երաժիշտները ելույթ կունենան Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում, օգոստոսի 2-ին՝ Լոռու մարզի Օձուն գյուղի արվեստի դպրոցում, օգոստոսի 3-ին՝ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տանը։ 

Նախագծի շրջանակներում Վահագն Հայրապետյան տրիոն (Վահագն Հայրապետյան՝ դաշնամուր, Մակար Նովիկով՝ կոնտրաբաս, Արման Մնացականյան՝ հարվածային գործիքներ) կկատարի ինչպես ջազային ստանդարտներ, այնպես էլ Վահագն Հայրապետյանի՝ հայտնի ժողովրդական մեղեդիների մշակումները։ Տրիոյի հետ, որպես հատուկ հյուր, ելույթ կունենա Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։ Երգչուհին և տրիոն կներկայացնեն համաշխարհային և հայկական երաժշտարվեստի գլուխգործոցները՝ մշակված հատուկ «Մարզային JAZZաֆիկացիա» նախագծի համար։  

Յուրաքանչյուր համերգ կուղեկցվի նաև դասախոսություններով, որի շրջանակներում կներկայացվի կատարվող ստեղծագործությունների պատմությունը, կխոսվի համաշխահային և հայ երաժշտարվեստում այդ ստեղծագործությունների դերի, նշանակության, կարևորության մասին: Համերգից հետո արտիստները սիրով կպատասխանեն ունկնդրի հարցերին: Համայնքի ներկայացուցիչների ցանկության դեպքում ծրագրի մասնակից երաժիշտները կանցկացնեն նաև վարպետության դասեր և լսումներ երիտասարդ երաժիշտների հետ։ Նախագիծը միասնական հարթակ կստեղծի տարբեր կրթական և սոցիալական միջավայրերում ձևավորված պատանիներին ու երեխաներին հաղորդակցվելու, մի նպատակի շուրջ համախմբվելու և միասին գործունեություն իրականացնելու համար, իսկ նախագիծն ընդհանուր առմամբ կնպաստի մշակույթի համաչափ զարգացմանը, ինչպես նաև երաժշտարվեստի  հասանելիության և մատչելիության ապահովմանը:

Նախագծի ինֆորմացիոն աջակիցն է
Armenian National Music-ը։