Անցնել բովանդակությանը

· Դասական

«Բարեկամության շառավիղներ»․ Լեգենդար Ռիկարդո Մուտին ելույթ կունենա Երևանում

«Բարեկամության շառավիղներ»․ Լեգենդար Ռիկարդո Մուտին ելույթ կունենա Երևանում
Լեգենդար դիրիժոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ռիկարդո Մուտին ելույթ կունենա Երևանում։ Ինչպես Armenian National Music-ին հայտնեց Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը, այս տարի փառատոնը հյուրընկալում է Ռավենա փառատոնը, որի շրջանակներում էլ ելույթ կունենա Ռիկարդո Մուտին։ «Բարեկամության շառավիղներ» խորագրով համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Երեկոյին Մուտին կղեկավարի իր Լուիջի Քերուբինիի երիտասարդական նվագախումբը։ Համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան), սոպրանո Նինա Մինասյանը, տենոր Ջովաննի Սալան, բարիտոն Գուրգեն Բավեյանը և երգեհոնահար Դավիդե Կավալին։ Ծրագրում՝  Ֆ․ Յ․ Հայդն, Վ․Ա․ Մոցարտ, Ֆ․ Շուբերտ և Տ․ Մանսուրյան։  

Համերգի նախօրեին, հուլիսի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կունենա համերգ՝ Ռիկարդո Մուտիի և Ռավենա փառատոնի պատվին։ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը կկատարի Բեթհովենի Թիվ 3 դաշնամուրի կոնցերտը (մենակատար՝ Մայա Օհանյան) և Բեռլիոզի «Ֆանտաստիկական» սիմֆոնիան: 

Հիշեցնենք, որ Ռիկարդո Մուտին ելույթ է ունեցել Հայաստանում 2001 թ․-ին։