Երգը և վախը անհամատեղելի բաներ են - Armenian National Music (anmmedia.am)
Երգը և վախը անհամատեղելի բաներ են

Հրապարակվել է՝ Հկտ 14 2020, 19:56

Հեղինակ՝ ANM Media
Այսօր Երևանի Կոմիտասի անվան պետկան կոնսերվատորիայի դիմաց տեղի ունեցավ «ՄԻԱՑԵ՛Ք՝ մի ԵՐԳ, մի ԶԱՐԿ դառնանք» խորագրով համերգ-կոչ՝ ի աջակցություն Արցախում կռվող հայ զինվորների։ Երաժշտական կոչն իրականանում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  նախաձեռնությամբ՝  Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աջակցությամբ։ 

Միջոցառմանը ելույթ ունեցավ  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը (Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Նատալի Գալստյան), երգչախումբը (խմբավար՝ Գայանե Սահակյան) և Գյումրիից ժամանած երաժիշտներ։

«Բոլոր այս երգերը մեր զինվորներին ուժ են տվել և պարտական ենք հնչեցնել դրանք։ Մեր երաժիշտներն այսօր պարզապես օգնողի դերում են, մենք պետք է երգենք միասին»,- միջոցառումից առաջ իր ելույթում նշեց Նատալի Գալստյանը, ում որդին այս օրերին առաջնագծում է։ Չընկճվելով՝ նա իր վրա է վերցրել բոլորին ուժ տալու պարտականությունը, իսկ երգը և վախը անհամատեղելի բաներ են։ 

Միջոցառում-կոչին ներկա մարդկանց բաժանվեցին գրքույկներ՝ երգերի բառերով, որպեսզի բոլորը միահամուռ կերպով նույն գաղափարի մասը դառնային։ 

Պատերազմների ժամանակ մշակույթը երբեք չի դադարել գոյություն ունենալուց։ Ավելին՝ այն միշտ քաջալերող ուժ է եղել բոլորի համար։ Հատկապես ակտիվ գործունեություն են ծավալել երաժշտական գործիչները։ Պատահական չէ, որ հաճախ հենց պատերազմների ընթացքում են գրվել համաշխարհային երաժշտարվեստի գլուխգործոցներ, ինչպես նաև բազմաթիվ հայրենասիրական երգեր, որոնց օգնությամբ զինվորները սխրանքներ են գործել, դիմակայել են բազմաթիվ դժվարությունների ու զրկանքների։ Հենց այդպիսի ռազմերգեր կհնչեն այս միջոցառմանը՝ գոտեպնդելով զինվորի թիկունքում կանգնած մարդկանց։