11 հայ պատանի դարձել է Nouvelles Etoiles մրցույթի դափնեկիր - Armenian National Music (anmmedia.am)
11 հայ պատանի դարձել է Nouvelles Etoiles մրցույթի դափնեկիր

Հրապարակվել է՝ Հլս 13 2020, 19:39

Հեղինակ՝ ANM Media
Հայ պատանի երաժիշտները փայլուն կերպով հանդես են եկել օրերս Փարիզում կայացած «Նոր աստղեր» (Nouvelles Etoiles) միջազգային առցանց մրցույթին և արժանացել բազմաթիվ մրցանակների։  

Պատանի թավջութակահար, Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի սան Ալեքս Գրիգորյանը (դասատու՝  Տիրուհի Սարգսյան) արժանացել է առաջին, ինչպես նաև երկու հատուկ մրցանակների։ Նա «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ է (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Բաբախանյան)։

Պատանի դաշնակահար, Գ․ Բուդաղյանի անվան երաժշտական դպրոցի սան Հայկ Ջուլհակյանը (դասատու՝ Իզաբելլա Պարոնյան) զբաղեցրել է առաջին տեղը։ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սան, պատանի դաշնակահար Էմմի Նազարյանը (դասատու՝ Մարինե Մանուկյան) և Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի սան Արման Զաքոյանը (դասատու՝ Սուսաննա Առաքելյան) երկրորդն են։ 

Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի երկրորդ դասարանի աշակերտուհի Աստղիկ Ասրյանը (դասատու՝ Սուսաննա Առաքելյան),  Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի սան Վանա Իստանբուլյանը (դասատու՝ Սուսաննա Առաքելյան) և Վիկտորիա Վարդազարյանը զբաղեցրել են  երրորդ պատվավոր հորիզոնականը։ Պատանի դաշնակահարներ Նազելի Սայադյանը և Դավիթ Դանիելյանը վեցերորդն են։ 

Հաղթողների թվում է նաև Ղազախստանը ներկայացնող Աշոտ Մխիթարյանը, որը նույնպես զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ 

Ջութակահարների անվանակարգում հայ պատանիները նույնպես զբաղեցրել են մրցանակային տեղեր։ Մանե Հովհաննիսյանը զբաղեցրել է երկրորդ, իսկ Իգոր Գրիգորյանը՝ վեցերորդ հորիզոնականը։

Մրցույթին տարբեր անվանակարգերում մասնակցել են 3-16 տարեկան պատանիներ` 5 տարիքային խմբում։