· News
Սեպտեմբերի 1-ը բաբաջանյանական ելևէջներով
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ շնորհավորել է Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի ուսանողներին:
Ուսումնական տարվա մեկնարկը խորհրդանշական էր բաբաջանյանականների համար. այս տարի լրանում է մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 105-ամյակը:
Շնորհավորելով ուսանողներին ու դասախոսական կազմին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը վստահություն է հայտնել, որ ապագայում քոլեջի ուսանողներից շատերը կդառնան մեր երկիրը տարբեր հարթակներում ներկայացնող արվեստագետներ՝ շարունակելով տարածել Առնո Բաբաջանյանի երաժշտությունը և հայկական մշակույթի լավագույն ավանդույթները:
«Կառավարությունը շարունակական աշխատանքներ է իրականացնում թե՛ կրթության բովանդակության, թե՛ դասավանդողների մասնագիտական զարգացման, և թե՛ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Արվեստի ոլորտի կրթությունն առանձնահատուկ է իր դերով ու բովանդակությամբ: Վստահ եմ, որ ձեր ապագան լինելու է հաղթանակներով լի, և ձեր գործունեությունը ևս նպաստելու է կրթական համակարգի մրցունակությանը և որակի բարձրացմանը»,- ասել է նա՝ քոլեջի դասախոսներին և ուսանողներին մաղթելով արդյունավետ ուսումնական տարի։
Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն Արտյոմ Հարությունյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ ուսանողներին մաղթելով՝ յուրաքանչյուր օրը օգտագործել որպես նոր հնարավորություն։
«Շնորհակալություն բոլորիդ, որ ընտրել եք արվեստի այս ճյուղը՝ երաժշտությունը որպես ճշմարիտ ուղղություն»,- ասել է նա՝ մասնավորապես դիմելով առաջին կուրսի ուսանողներին:
Ձևավորված ավանդույթի համաձայն` առաջին կուրսեցիներն ուսումնական տարվա առաջին օրն ուսանողական տոմսեր են ստացել:
Միջոցառումն ամփոփվել է քոլեջի ուսանողների ինքնաստեղծ խմբերի համերգային կատարումներով:
Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում սովորում է 470 ուսանող, այս տարի առաջին կուրս է ընդունվել 128-ը: