Անցնել բովանդակությանը

· Դասական

Ղազարոս և Մարտիրոս Սարյաններին նվիրված համերգ-ցուցահանդես Լոնդոնում

Ղազարոս և Մարտիրոս Սարյաններին նվիրված համերգ-ցուցահանդես Լոնդոնում
Հոկտեմբերի 16-ին Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ․Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 102 ամյակին նվիրված բացառիկ համերգ և գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի նկարների ցուցահանդես:

Նշենք, որ Ղազարոս Սարյանի երաժշտությունը և Մարտիրոս Սարյանի նկարները Միացյալ Թագավորությունում ներկայացվեցին առաջին անգամ:

Միջոցառումը կազմակերպվել էր Բրիտանական «Քլինգեն» երգչախմբի ու մշակութային ասոցիացիայի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի ջանքերով՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո։ Համերգին մասնակցել են նաև Ջոան Զորյան-Լին, Ջեք Հակոբ Մուրադյանը, Մարիա Փալազյանը, Պոլինա Շարաֆյանը, Նարինե Մալխասյանը, Հայարփի Եղիկյանը։

Ցուցահանդեսի նկարների ռեպլիկաները տրամադրել էր Սոֆյա Սարյանը՝ Երևանի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանից՝ Սիփան Օլահի հետ համագործակցության արդյունքում:

Այս բացառիկ միջոցառման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը, կաթոլիկ եկեղեցու հոգևորական, Սբ․ Աստվածածին եկեղեցու մոնսինյոր Ջիմ Քերին։

Երեկոյին ներկա էին Մ.Թ. պարլամենտի ներկայացուցիչներ, Բրիտանական մշակութային ասոցիացիաների և պատկերասրահների ներկայացուցիչներ, Հայկական Համայնքային Խորհրդի ողջ անձնակազմը, ՄԹ-ում հայկական մի շարք կազմակերպությունների և ասոցիացիաների ատենապետեր, երաժիշտներ՝ Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայից, Թագավորական երաժշտական քոլեջից և Թագավորական Գեղարվեստի Ակադեմիայից, ավելի քան 300 հայ և բրիտանացի մշակութասեր հանդիսականներ:

Երեկոյի ընթացքում հնչեց «Ադաջիո և պար» լարային նվագախմբի ու տիմպանի համար գրված ստեղծագործությունը («Պանո Հայաստան» սիմֆոնիկ ստեղծագործության կամերային տարբերակ), «Նվագախմբային սերենադ» ստեղծագործության առաջին մասը, «Ինչու ուշացար» լիրիկական ռոմանսը, դաշնամուրային «Պար» մենանվագը և «3 պոստլյուդը»,«Արիա տոկատան», «Գարնան Առավոտ» ռոմանսը և այլ ստեղծագործություններ։

«Քլինգեն երգչախմբի և մշակութային ասոցիացիայի» միջոցառումների նպատակներից է հայկական մշակույթը՝ հատկապես հայ կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործությունները հանրահռչակելը Միացյալ Թագավորությունում՝ հայ և օտարազգի երաժիշտների կատարմամբ:

Ղազարոս և Մարտիրոս Սարյաններին նվիրված համերգ-ցուցահանդես Լոնդոնում · Armenian National Music