· Նորություններ
Կոմիտասից մինչև էլեկտրաակուստիկա. երաժշտությունը COP17-ի Կանաչ գոտում
COP17-ի Կանաչ գոտու մշակութային բեմում (Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, մուտքն ազատ է), հոկտեմբերի 19-ից 30-ը հնչում է երաժշտություն, որը բնության թեման բացահայտում է տարբեր ժամանակաշրջանների ու ոճերի միջով։
«Խազեր» երգչախումբ (գեղ. ղեկավար՝ Անի Նավասարդյան) — Կոմիտասին նվիրված ծրագիր, որտեղ բնությունը ոչ թե ֆոն է, այլ կենդանի ներկայություն՝ լեռներ, դաշտեր, գետեր և գյուղական կյանք։
Թմբաթա նվագախումբ — «Հողի ձայնը» ծրագիր։ ԹՈՒՄՈ-ի կրթական ծրագրից ծնված համույթը (հիմնադիր և գեղ. ղեկավար՝ Արիկ Գրիգորյան) ժամանակակից հնչողությամբ վերաիմաստավորում է ժողովրդական երգն ու Կոմիտասի ժառանգությունը։
Հայկ Պետրոսյան — «Երգն ու բնությունը» երաժշտական մենաներկայացում, որտեղ «Լորիկ», «Հով արեք, սարեր ջան», «Արև, արև» և այլ երգերի միջոցով պատմվում է մարդու ու բնության դարավոր կապի մասին։
«Երևան» լարային քառյակ (Նարեկ Սահակյան, Գևորգ Գասպարյան, Նարեկ Ասատրյան, Վահե Դանիելյան) — հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված ծրագիր։
Tiezerk Band — «Ինչն է ինձ լսում, և ինչ եմ լսում ես» մուլտիմեդիա ներկայացում։ Հայաստանի կլիմայական փոփոխություններից առավել խոցելի բույսերից ու լանդշաֆտներից հատուկ միկրոֆոններով ձայնագրված նյութը դարձել է խմբի նոր EP-ի հիմքը, իսկ ձայնագրությունները կհրապարակվեն որպես բաց սեմփլ-փաթեթ։ Կատարումը բազմալիք է, որտեղ ձայնը շրջապատում է հանդիսատեսին։
Վարդան Հարությունյան — «Handle With Care» էլեկտրաակուստիկ պերֆորմանս։ Մետաղ, ապակի, քար, սալիկ ու փայտ. ձայնային առարկաները դասավորված են ըստ չինական Վու Սին համակարգի, իսկ ներկայացումն արտացոլում է ուշադրության և հոգատարության գաղափարները։
Weno&Creaflutive (Վասիլիսա Պետրոսյան, Արտակ Ղազարյան) — կիսաիմպրովիզացիոն ակուստիկ էմբիենթ-ֆոլք։
Կանաչ գոտու ծրագիրը նաև հեռարձակվում է ուղիղ եթերում։ Ճշգրիտ ժամանակացույցը հասանելի է՝ cop17yerevangreenzone.com/agenda