Անցնել բովանդակությանը

· Դասական

Երկու հայկական անուն՝ Մետրոպոլիտեն օպերայի նոր խաղաշրջանում

Երկու հայկական անուն՝ Մետրոպոլիտեն օպերայի նոր խաղաշրջանում

Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերան 2026–27 թատերաշրջանում կներկայացվի Ջակոմո Պուչինիի «La Bohème» օպերայի բեմադրությամբ, որի գլխավոր դերակատարների շարքում ընդգրկված են նաև օպերային երգչուհիներ Քրիստինա Մխիթարյանը և Ջուլիանա Գրիգորյանը։

Պուչինիի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը Մետրոպոլիտեն օպերայի բեմում կներկայացվի 2026-ի սեպտեմբերի 25-ից մինչև 2027-ի ապրիլի 29-ը՝ Ֆրանկո Ձեֆիրելիի լեգենդար բեմադրությամբ։ «La Bohème»-ը Մետրոպոլիտեն օպերայի պատմության մեջ ամենաշատ խաղացված օպերան է։

Այս անգամ «La Bohème»-ի գլխավոր հերոսուհի Միմիի դերակատարների թվում են Ջուլիանա Գրիգորյանը և Քրիստինա Մխիթարյանը։ Գրիգորյանը Միմիի կերպարով բեմ կբարձրանա սեպտեմբերի 25-ին, 27-ին, հոկտեմբերի 1-ին, 3-ին, 7-ին, 10-ին և 16-ին, իսկ Մխիթարյանը՝ հոկտեմբերի 9-ին, 15-ին, 22-ին, 24-ին, 28-ին և 31-ին։

Պուչինիի «La Bohème»-ը պատմում է երիտասարդ արվեստագետների կյանքի, սիրո, ընկերության և կորստի մասին։ Գործողությունները տեղի են ունենում 1830-ականների Փարիզում, իսկ պատմության կենտրոնում երիտասարդ բանաստեղծ Ռոդոլֆոն և կարիքի մեջ ապրող, բայց երազանքներով լի Միմին են։ Օպերայի երաժշտությունը առանձնանում է իր քնարականությամբ և անմիջական հուզական ազդեցությամբ։

2026–27 սեզոնի «La Bohème»-ի դիրիժորներն են Ռամոն Տեբարը, Մարկո Արմիլիատոն և Դանիելե Ռուստիոնին։