· Դասական
Տեղի ունեցավ Երևանի պետական կամերային երգչախմբի 30-ամյակին նվիրված հոբելյանական գալա համերգը
Նոյեմբերի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադրման 30-ամյակին նվիրված հոբելյանական գալա համերգը։ Երեկոն մեկտեղել է երաժշտասերներին և մշակույթի գործիչներին՝ արժևորելու երգչախմբի երեք տասնամյակի ստեղծագործական ուղին ու նվաճումները։
Հոբելյանական միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը։ Նա առանձնահատուկ ընդգծել է երգչախմբի հիմնադիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի նշանակալի դերը կոլեկտիվի կայացման և գեղարվեստական դիմագծի ստեղծման գործում։ Գարեգին Սարգսյանը շնորհավորել է նաև կոլեկտիվի ներկայիս գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանին՝ հիմնադրի ավանդույթները շարունակելու համար, և նրան հանձնել «Կոմիտաս» հուշամեդալ՝ Հայաստանում կամերային երաժշտության զարգացման և տարածման գործում ունեցած ավանդի համար։
Հոբելյանական երեկոյին Երևանի պետական կամերային երգչախումբը հանդես է եկել Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ։ Ծրագիրն ընդգրկել է հայկական դասական և ժամանակակից հեղինակների՝ Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Արմենուհի Կարապետյանի և Տիգրան Համասյանի ստեղծագործությունները, ինչպես նաև Վահագն Բաբլոյանի մշակումները։
Համերգի հատուկ հյուրերից էր դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը։ Ելույթով հանդես է եկել նաև Dialog Project-ը՝ ներկայացնելով հայկական ժողովրդական երգերի մեկնաբանություններ։
Կոլեկտիվը հիմնադրել է Հարություն Թոփիկյանը՝ «Երևանի կամերային երգչախումբ» անվանումով։ 2009 թվականին այն ստացել է պետական կարգավիճակ և վերանվանվել «Երևանի պետական կամերային երգչախումբ»։ Իր գործունեության ընթացքում երգչախումբը մշտապես կարևորել է Կոմիտասի ժառանգության պահպանումն ու տարածումը՝ երգացանկը հարստացնելով նաև դասական և ժամանակակից հայ հեղինակների գործերով։
Աղբյուր՝ Aysor.am