Տիգրան Մանսուրյան

Jan 27 1939

1967-1986 թթ.-ին դասավանդել է նույն կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1986թ.-ից), 1992-1995 թթ.-ին՝ ռեկտոր: Մանսուրյանը գեղագիտական նոր հիմքի վրա վերածնել է կոմիտասյան սկզբունքները: Նա առաջիններից է հայ դասական երաժշտություն ներմուծել կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ: Նրա ստեղծագործությունները սերում են հայկական ժողովրդական երգարվեստից ու հնագույն տաղերից, որոնք ներկայացված են արդի երաժշտական լեզվով և աչքի են ընկնում պայծառ, արտահայտիչ մեղեդիներով ու հնչերանգներով:

Մանսուրյանն ստեղծագործել է տարբեր ժանրերում, գրել է սիմֆոնիկ երկեր՝ «Պարտիտա», «Պրելյուդներ», «Գիշերային երաժշտություն», «Ինտերիեր» լարային կվարտետը, կոնցերտներ՝ թավջութակի և նվագախմբի, ալտի և լարային նվագախմբի, Կրկնակի կոնցերտ՝ ջութակի, թավջութակի, լարային նվագախմբի համար, «Երեք արիա`   երգելու՝ Արարատին բաց պատուհանից» (ալտի և մեծ նվագախմբի համար), «Ո՞ւր է Աբել եղբայր քո» (թավջութակի և մեծ նվագախմբի համար):

Գրել է նաև վոկալ շարքեր՝ «Ռոմանսներ Գարսիա Լորկայի խոսքերով», «4 հայրեն Նահապետ Քուչակից», «Մայրամուտի երգեր» (խոսք՝ Համո Սահյանի), «Երկիր Նաիրի» (խոսք՝ Վահան Տերյանի), «Գարնան երգեր» (խոսք՝ Հովհաննես Թումանյանի), խմբերգեր՝ «Երեք ասացված Կոմիտասի հիշատակին» (խոսք՝ Կոստան Զարյանի), «Արվեստ Քերթության» (խոսք՝ Եղիշե Չարենցի), սոնատներ, վոկալ-կամերային մադրիգալների շարք (ձայնի և տրիոյի համար), «Հավատով խոստովանիմ» (ալտի և անսամբլի համար, աղոթքների շարք՝ ըստ Ներսես Շնորհալու), «Ձյունե թագուհին» (ըստ Հանս Քրիստիան Անդերսենի) բալետը և այլն:

Մանսուրյանը գրել է երաժշտություն նաև կինոյի (գեղարվեստական՝ «Նռան գույնը», 1969 թ., «Մենք ենք, մեր սարերը», 1969 թ., «Սգավոր ձյունը», 1978 թ., «Կտոր մը երկինք», 1980 թ., «Հին օրերի երգը», 1982 թ., «Կորիոլան», 1982 թ., «Մեր մանկության տանգոն», 1984 թ., «Ճերմակ անուրջներ», 1984 թ. և այլն: Մանսուրյանի կինոերաժշտությունն առանձնանում է մեղեդայնությամբ,  քնարականությամբ և մեծապես նպաստում է ֆիլմի գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը: Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում:

Մանսուրյանն արժանացել է ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթների առաջին (1966 և 1968 թթ.), ՀԼԿԵՄ (1967 թ.), ՀՀ Պետական (1981 և 1985 թթ.), ՀՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան (1993 թ.) մրցանակների և ՀՀ Մեսրոպ Մաշտոցի (1996 թ.), Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպի (2004 թ.) շքանշանների: ՀՀ Վահան Թեքեյան մշակութային միության ամենամյա միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր է (2006 թ.):