Անցնել բովանդակությանը
Հռիփսիմե  Աղաքարյան

Հռիփսիմե Աղաքարյան

    Կենսագրություն

    Հռիփսիմե Աղաքարյանը ծնվել է Արթիկում: 2000-2003 թթ. նախնական երաժշտական կրթությունը ստացել է Արթիկի Դ. Ղազարյանի անվան երաժշտական դպրոցում` դասատու Գայանե Եղոյանի դասարանում, այնուհետև 2003-2009 թթ. ուսումը շարունակել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցում պրոֆ. ՀՀ վաստակավոր արտիստ Ռոզա Թանդիլյանի դասարանում: 2009-2017թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ նույն մանկավարժի դասարանում:

    Մի շարք հիմնադրամների կրթաթոշակակիր է, այդ թվում «Նոր անուններ» (2003թ., Երևան), «Երազարտ» (2009թ., Բոստոն, ԱՄՆ), «Բաբաջանյան» հիմնադրամ (2006թ., Երևան): Դաշնակահարուհին ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական կամերային և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբերի հետ:

    Հռիփսիմե Աղաքարյանի նվագացանկը ներառում է տարբեր ոճերի ու ժանրերի ստեղծագործություններ: Նա հանդես է գալիս ոչ միայն որպես մենակատար,այլ նաև որպես նվագակցող և կամերային երաժիշտ: Ունեցել է տարբեր համերգներ և մրցույթներ նաև դաշնամուրային դուետի կազմում:

    Հանրապետական և միջազգային տարբեր մրցույթների դափնեկի է․ Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների 15-րդ միջազգային մրցույթ, Բրեշիայի դաշնակահարների 2-րդ մրցույթ, «Արմենիա» դաշնակահարների միջազգային մրցույթ, «Վերածնունդ» միջազգային մրցույթ և այլն։

    Հռիփսիմե Աղաքարյանը համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Վրաստանում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Դանիայում, Իրանում և Անգլիայում:

    Այժմ դասավանդում է Երևանի Ղ.Սարյանի անվան արվեստի դպրոցում և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

    Այլ երաժիշտներ