Անցնել բովանդակությանը
Ալան Հովհաննես

Ալան Հովհաննես

Կոմպոզիտոր

Կենսագրություն

Ալան Հովհաննեսը (Ալան Հարությունի Չաքմաքչյան) ծնվել է 1911 թ․մարտի 8-ին՝ Բոստոնի Սոմերվիլ արվարձանում (Մասաչուսեթս, ԱՄՆ)։ Հայրը՝ Հարություն Չաքմաքչյանը՝ Ադանայից էր, Բոստոնում էր հաստատվել երկարատև դեգերումներից հետո։ Նա բազմաթիվ գրքերի, նաև՝ հայ-անգլերեն առաջին բառարաններից մեկի հեղինակն է, Բոստոնի հայալեզու «Հայրենիք» շաբաթաթերթի երկարամյա գլխավոր խմբագիրը։ Մայրը՝ Մեդլին Սքոթը, ծագումով շոտլանդացի էր։
Հովհաննեսը ստացել է ամերիկյան խիստ դաստիարակություն։ Մոր կամքով որդին հրաժարվել է հայկական ազգանունունից և հանրությանը հայտնի դարձել Ալան Սքոթ Վանես անունով։ Վաղ տարիքից նա հետաքրքրեվլ է նկարչությամբ, գրականությամբ, աստղագիտությամբ և երաժշտությամբ։ Ստեղծագործել սկսել է չորս տարեկանում։ 14 տարեկանում, չնայած ծնողների լուրջ դիմադրությանը, գրել է իր առաջին օպերան։ «Ծնողներս կարծում էին, որ երաժշտություն գրելը լուրջ զբաղմունք չէ, և եթե ինձ տեսնեին ստեղծագործելիս, անպայման նոտաները կխլեին ձեռքիցս։ Ստիպված գրում էի գիշերները, լոգարանում կամ այլ թաքուն վայրերում, ապա՝ թաքցնում ձեռագրերը»։ Գիշերներն ստեղծագործելու սովորույթն ուղեկցում էր Հովհաննեսին ողջ կյանքի ընթացքում։

Ավագ դպրոցն ավարտելուց հետո Հովհաննեսը երկու տարի սովորել է Թաֆթս համալսարանում, զուգահեռաբար՝ Բոստոնի Նյու Ինգլենդ կոնսերվատորիայում։ Ուոթերթաունի Հայ Առաքելական եկեղեցում նվագել է երգեհոն։ Չնայած բացառիկ տաղանդին և մեկը մյուսի ետևից շնորհվող մրցանակներին, Հովհաննեսն Ամերիկայում շարունակում է ընկալվել որպես օտար։ Բոստոնում հանդիպած միստիկ նկարիչ, ազգությամբ հույն Հերմոն դի Ջիովաննին, որին նա համարում էր իր «հոգևոր ուսուցիչը», խորհուրդ է տալիս Հովհաննեսին՝ փնտրել ու գտնել իր հայկական հարազատ հոգևոր ժառանգությունը և ողջ կյանքում հավատարիմ մնալ դրան։ Ցավոք, այդ գաղափարներով ներշնչված, նա այրում է մինչ այդ գրած իր 100-ավոր ստեղծագործությունները, այդ թվում՝ 2 օպերաներ, 7 սիմֆոնիաներ։ Միայն 50 տարի անց, մեկնաբանելով իր այդ արարքը, Հովհաննեսը ժպիտով ասում է. «Պարզապես ես Բոստոնից տեղափոխվում էի Նյու Յորքի ավելի փոքր բնակարան և պետք է ձերբազատվեի որոշ ավելորդ բեռից»։
1940-ականներին Հովհաննեսի կյանքում սկսվում է հայկական շրջանը։ Նա հիմնում է նվագախումբ, որը կատարում է իր հայկական ստեղծագործությունները։ 1950-ական թթ. նրան սկսում են ճանաչել որպես ոչ միայն կոմպոզիտոր, այլև որպես դիրիժոր և դաշնակահար՝ պարբերաբար ստանալով հանրահայտ երաժիշտների կողմից պատվերներ։

1960-70 թթ. Ալան Հովհաննեսի ստեղծագործություններն ակտիվորեն սկսվում են ձայնագրվել և դառնում է իր ժամանակի ամենաշատ ձայնագրված կոմպոզիտորը։ 1977 թթ. երաժշտարվեստի ոլորտում ունեցած ավանդի համար նրան շնորհվում է Գրականության և արվեստի ամերիկյան ակադեմիայի պատվավոր անդամի տիտղոս։ Պահպանվել են Ա. Հովհաննեսի մոտ 80 ստեղծագործություն, այդ թվում՝ 20 սիմֆոնիա։

Մահացել է 2000 թ. հունիսի 21-ին Սիեթլում, ծանր հիվանդությունից։

Այլ երաժիշտներ